ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի բոլոր առարկությունները
14.11.2024 19:37

       ԻՐԱՎԱԿԱՆ   //   

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործում տեղաշարժ՝ հօգուտ Հայաստանի 

Հաագայի դատարանը քննելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Բաքվի ներկայացրած բոլոր նախնական առարկությունները, մերժել է դրանք նոյեմբերի 12-ին կայացրած ակտով: Դատարանը հաստատել է, որ «Հայաստանն իրական ջանք է գործադրել քննարկման մտնելու Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով լուծել վեճը, որը պահանջում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածը»։ Մերժվել է նաև Բաքվի երկրորդ առարկությունը՝ վերաբերվող դատարանի իրավազորությանը: Հայաստանի այն պնդումը, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգման, բռնության են ենթարկվել՝ Բաքուն սպանություն, խոշտանգում է կատարել հիմք ունենալով մարդկանց էթնիկ ծագումը, դատարանը կքննի վարույթի այլ փուլում։

Ըստ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի հրապարակած «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի՝ Հայաստանի երկու նախնական առարկությունները բավարարվել են, մեկը մերժվել։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ դատարանը եզրակացրել է, որ իրավասու է քննելու պատերազմի ընթացքում և դրանից հետո (2020-2023թթ.) սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին հայկական պնդումները։