ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը». խորհրդաժողով Եվրոպական խորհրդարանում
07.11.2024 13:25

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //   

Սրան նախորդել էր Եվրոպական խորհրդարանի բանաձևն՝ ուղղված  Ադրբեջանին՝ գերիների ազատման, Արցախին ու Հայաստանին վերաբերվող պահանջներով

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ, քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․«Այս խորհրդաժողովի նախօրեին Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի տարածքից օկուպացիոն զինված ուժերի դուրսբերման պահանջով, Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որն առարկայացել էր ավելի վաղ ընդունված բանաձևով։ Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները և լիահույս ենք՝ COP 29-ին մասնակից եվրոպական պատվիրակությունները չեն կենտրորանանա միայն բնապահպանական խնդիրների վրա և հայությանն առնչվող խնդիրների շրջագծում կբարձրաձայնեն այն տեսակետները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի բանաձևերում ու ԵՄ գործադիր իշխանության հայտարարություններում»։