ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ԱՄՆ-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հաշված օրեր են մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին: ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Սպիտակ տան կայքում հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկի եզրակացությունը։ Դրանում նշվում է, որ 59-ամյա Հարիսն առողջ է, ֆիզիկապես և հոգեպես կայուն, չի ծխում, ալկոհոլ խմում է հազվադեպ և չափավոր, զբաղվում է սպորտով և տառապում է միայն սեզոնային ալերգիաներից…Հարիսի խորհրդականները կարծում են, որ սրան ի հակադրություն նրա մրցակից Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր առողջական վիճակի մասին հանրությանը տեղեկություններ է հրապարակել հազվադեպ և սահմանափակ չափով երկար տարիներ, ներառյալ նախագահ եղած ժամանակ: Նա դա չի անում ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում ևս, նույնիսկ մահափորձից հետո, որն, ըստ Հարիսի, կարող է ընտրողների մոտ հարցեր առաջացնել այն մասին, թե արդյո՞ք 78-ամյա Թրամփը բավական առողջ է՝ ևս չորս տարի նախագահական լարված գրաֆիկին դիմանալու համար: Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հերքում են սա…
Այս առումով Հայաստանում ընդունված չէ ժողովրդի առջև թափանցիկ լինել, այդ տվյալները քողարկվում են հանրությունից: Ավելին՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան շարքում քաղաքացիները պարբերաբար նկատում են շտապօգնության մեքենա …Նա ունի իր տարիքին անհամարժեք քաշ, ինչը հատկապես ընդգծվում է արևմտյան երկրների՝ չափավոր կազմվածքով ղեկավարների հետ լուսանկարներում: Քաղաքական դաշտում չափավորությունը սննդի ու խմիչքի հարցում դիտվում է ուղիղ ու փոխաբերական իմաստներով՝ որպես կուշտ լինելու ցուցիչ, կոռուպցիայի կանխարգելման նախապայման:
Թերևս, Հայաստանում ևս պետք է երկրի ղեկավարներից, գոնե առաջին 3 դեմքերից՝ ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պահանջվի հրապարակել բժշկական տվյալներն, այդ թվում՝ թե՛ պաշտոնավարման ընթացքում, թե՛ ընտրությունից առաջ, եթե չկա նպատակ հանրությանը մոլորեցնելու և խաբեությամբ բարձր պաշտոն պահելու կամ «ճանկելու»:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 372 համարում