ԻՐԱՎԱԿԱՆ //
Նա պետք է կանգնի դատարանի առջև՝ պատասխանելու ՀՀ-ից Ադրբեջանին տարածքների հանձնման և այլ հարցերի
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնել է․ «Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումն այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեզը, և որ իրենք ընդամենն այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս կապակցությամբ ես պարոն Գրիգորյանին ցանկանում եմ մի քանի հարց ուղղել՝
- Արդյոք վերը նշված քարտեզն Ադրբեջանի և Հայաստանի կողմից մինչև Տավուշում իրականացրած տարածքների հանձնումն արդեն ընդունվե՞լ է՝ որպես հետագա սահմանազատման հիմք, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով և ե՞րբ է վավերացվել համապատասխան երկրների խորհրդարանների կողմից։
- Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ներկայացված Սահմանազատման կանոնակարգում դա ամրագրված չէ, եթե այդպես չէ, ապա ի՞նչ իրավական հիմքով է Ձեր գլխավորած հանձնաժողովը տարածքների հանձնում իրականացրել, մինչև դրա պատշաճ իրավական հիմք ստեղծելը։
- Եթե դա այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը խնդրո առարկա հատվածում իր սեփական զինված ուժերի հետքաշում չի իրականացրել Բերքաբեր բնակավայրին այդ իսկ քարտեզով պատկանող տարածքներից։
- Եթե դա այդպես չէ, ապա չեք համարո՞ւմ, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին՝ առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք:
Ընդամենը հավելեմ, որ վերջին հարցով մենք պրն Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլյացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել»։