ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ 1 ՇԱԲԱԹ ԿՄԱՏՈՒՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
30.09.2024 14:10

      ՀՈԳԵՎՈՐ   //     

Պատվո բարձր շքանշաններ են շնորհվել Հայ Եկեղեցու ազգային բարերարներին

Նոր շնչով վերակառուցված, վերականգնված Էջմիածնի Մայր տաճարի վերաբացումն ազդարարվեց սեպտեմբերի 29-ի վերաօծման արարողությամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Նշենք, որ Շենքի պատմական տեսքը չի փոփոխվել և շինարարական աշխատանքներն ընդգրկել են՝ հիմքի ամրացումից մինչև նոր խաչի տեղադրում: Գմբեթի ճաքերը փակվել են հատուկ ժամանակակից նյութերով, կրող սյուներն ու պատերն ամրացվել են, որմնանկարները՝ վերականգնվել:  

Արարողությանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին և «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին արժանացան Հայ Եկեղեցու ազգային բարերարները, որոնց ընծայաբերումներով իրականացվել են Մայր Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։ Պարգևատրվել են՝ Տեր և Տիկին Սամվել և Էթերի Կարապետյաները, Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաները, Տեր և Տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները, Տեր և Տիկին Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Տիկին Էլզա Տիտիզյանը, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյանները, Տեր և Տիկին Նվեր և Ելենա Մխիթարյանները, Տիկին Անահիտ Յակուբյանը, Տեր և Տիկին Հրաչ և Սյուզըն Թուֆայաները։ Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Մայր Տաճարի վերաօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը հղեց ողջ հայությանն իր խոսքում ընդգծելով. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին…»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և հայրենիքին ի նպաստ զոհված զավակների ու նրանց ընտանիքների համար:

«Գործընթաց» թերթ