ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Պարտվածը ծանր է տանում ռեգիոնում՝ որպես Արքայից Արքա հայտնի Տիգրան Մեծին
Փաշինյանը Տավուշի մարզ կատարած վերջին այցի շրջանակում, տեսնելով <<Կիրանցի ձոր>> ցուցանակը, որի վրա նաև ծովից ծով Հայաստանի Արքա, ռեգիոնում Արքայից Արքա տիտղոսը ստացած Տիգրան Մեծի պատկերն էր, հրահանգել է հանել այն՝ իբր ժանգոտած լինելու համար: «Հիմա սա ով ա դրել, ով չի դրել` կարևոր չի: Սա ժանգոտել ա»,-նշել է 2020թ. պատերազմում պարտված, Արցախի անվտանգության երաշխավորի՝ հայաստանյան օրենքներով սահմանված իր պարտքը ձախողած, ՀՀ անվտանգությունը երաշխավորելու իր անկարողությունը խոստովանած, բայց վարչապետի աթոռը համառորեն չլքող Ն. Փաշինյանը: Նա նշել է, թե իբր կա դրված նոր ցուցանակ, մինչդեռ այն վերաբերվում է Կիրանց-Աճարկուտ ուղենշումներին, ոչ թե <<Կիրանցի ձոր>>-ին, որն առավելապես այցելուներին ճիշտ ուղղորդելուն է ծառայում, որոնց թվում կարող են լինել թե՛ տեղանքին անծանոթ ՀՀ քաղաքացիներ, թե՛ տուրիստներ: Ժանգոտ ցուցանակի փոխարինողը նույնական պետք է լինի նրան, ոչ թե այլ գրառում պարունակի:
Նշենք, որ անլեգալ գործող <<սահմանազատման>> հանձնաժողովի միջոցով իբրև նախնական տարբերակ, ապօրինի Տավուշի մարզից թշնամուն են հանձնվել հայկական տներ, հողեր, տարածքներ, և ամենակարևորը ռազմավարական օբյեկտներ, որի համար քրեական պատասխանատվություն է սահմանված: Դրա կիրառումից իրավապահները խորշում են՝ կաշկանդված այն փաստից, որ կալանքի ենթակա անձինք քաղաքական վերադասում պաշտոններ են զբաղեցնում:
Ապօրինի հողհանձնումների հետևանքով փակվել է Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող, Տավուշի այդ հատվածով անցնող ճանապարհը, Կիրանցի մոտ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել, ՀՀ պետբյուջեից ահռելի միլիարդներ են ծախսվում նոր ճանապարհների կառուցման, նաև նոր դպրոցի կառուցման համար: Հավելենք, որ ռազմավարական օբյեկտների թշնամուն հանձնման փաստը բխում է մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ այն հաղորդագրությունից, ըստ որի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Մինչ այդ հայկական զինուժի վերահսկողության տարածքն ավելի ընդգրկուն էր:
<<Գործընթաց>> թերթ