ՈՒՂԵՐՁ //
Իշխանության հեռացումը հրատապ է
Կիրանցիները՝ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության երաշխիքներից, փակել են ճանապարհը
Փաշինյանի իշխանության երեկվա տխրահռչակ հողհանձնումների հետ կապված ժողովրդին հրատապ տեսաուղերձով է դիմել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որում նշում է. «Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից: Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամլո հաղորդագրությունները եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության:
Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը եւ միաժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները: Դա եւս մեկ անգամ փաստում է, որ նրանք գործում են Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ:
Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում:
Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի: Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետեւ այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա շարունակեց. «Պետք է լծվենք ամենածանր աշխատանքի եւ նպատակադրված, որոշակի, կոնկրետ քայլերով հասնենք ցանկալի արդյունքին: Այդ արդյունքը որեւէ մեկինը չէ, սա չակնկալիքների պայքար է, նյութական որեւէ ակնկալիք չունենալու մասին է: Սա ստի եւ ճշմարտության պայքար է, եւ ճշմարտությունը պետք է հաղթի:
Այս պահին Կիրանցի մեր հայրենակիցները, արդեն իսկ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, այսօր փողոցում են: Մենք վերահաստատում ենք, որ այդ տառապանքը անպատասխան չեն մնալու: Մենք պետք է ստանանք այդ պատասխանը: Բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի այս պատրաստակամությամբ եւ հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը եւ այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք: Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք: Մենք պիտի ազատագրենք մեր հայրենիքը, պիտի ազատագրենք թշնամական թելադրանքներից, պարտադրանքներից, ծաղրանքից, նվաստացումից, ստորացումից, և այս ճանապարհով մենք պետք է հետագա բոլոր ողբերգությունները, որ պատահելու են մեզ, մեր ճանապարհն օրհնված է, և Աստված կառաջնորդի մեր կյանքը դեպի մեր բարենպաստ հանգրվանը, Աստված զորացնի բոլորիդ»:
Նշենք, որ Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ մերժելով իշխանության ստորագրած հերթական թրքահաճո արդյունքը:
«Գործընթաց» թերթ