ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ըստ միջազգային զեկույցի՝ ԼՂ բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանումը էթնիկ զտում է
13.04.2024 17:18

     ԶԵԿՈՒՅՑ //   

Freedom Hous. Ազգային անվտանգության խնդիրները պայմանավորում են ՀՀ բնակչության լայն շերտերի քննադատությունը կառավարությանը՝ ԼՂ քաղաքականության ձախողումների համար

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը՝ գրավելով երկրի տարածքի մի մասը։ «Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: 

Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Իրավապաշտպան կազմակերպությունը 120 հազար հայերի բռնի տեղահանումը բնորոշել է էթնիկ զտում՝ հավելելով, որ Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որն, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր:

Զեկույցում մասնավորապես ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120 հազար էթնիկ հայերին փախչել, բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա: Նշվում է, որ նրանք այժմ հիմնական բնակություն են հաստատել հենց Հայաստանում: «Ազգային անվտանգության այս խնդիրները ոչ միայն խոր մտահոգություն են առաջացնում հայերի շրջանում, այլև պայմանավորում են ներքաղաքական իրավիճակը. Ընդդիմությունն ու բնակչության լայն շերտերը քննադատում են Կառավարությանը Լեռնային Ղարաբաղի քաղաքականության ձախողումների համար», - նշվում է Freedom House-ի տարեկան զեկույցում։