ՀՈԳԵՎՈՐ //
Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր այս տոնը ժողովրդի սիրելի տոներից է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկն է։
Հիսուս Քրիստոսի ժամանակ օրացույցը հաշվում էին լուսնային ցիկլով: Քրիստոսի Հարությունը տեղի է ունեցել գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Այն փոփոխվում է, քանի որ լուսնային ու արեգակնային ցիկլերը օրերի քանակի առումով չեն համընկնում: Նույն սկզբունքով էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Այն մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածում է։
Ձուն համարվում է աշխարհի խորհրդանիշ, կարմիր հավկիթը՝ նոր կյանքի սկզբնավորման ու Հարության: Կարմիր գույնը Հիսուսի արյան խորհուրդն է, որը թափվեց մեր փրկության համար: Փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամչի հատիկներն` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին: Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։