ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԱԾ, ՔԿ ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆՈՒԹՅԱՄԲ 7 ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ. ՔՐ. ԳՈՐԾ՝ 392 ՄԼՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ
04.02.2024 19:28

     ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Փաստերը չեն հերքվել. ձերբակալվածների թվում են՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ի ղեկավարը, պետպաշտոնյաներ

Ամենախոշոր կոռուպցիոն սկանդալներից մեկն օրերս հայտնի դարձավ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություններից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ը էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ը ևս չի հաղթել, բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ին, որը մոտ 3 անգամ ավելի բարձր գին՝ ավելի քան 392 միլիոն ՀՀ դրամ է առաջարկել, քան մրցակիցը։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ ձերբակալություններ ու խուզարկություններ են արվել։ Այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը կալանավորվել է: Կալանավորվել է նաև «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ի հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, որի որդին՝ ընկերության բաժնետեր Արթուր Հովհաննիսյանը Հ1-ի նախկին հաղորդավար Լուսինե Թովմասյանի ամուսինն է: 7 ձերբակալվածների թվում նաև էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ առաջիկայում կհարցաքննվի նաև նախարար Քերոբյանը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին: Ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 միլիոն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում