ԻՐԱՎԱԿԱՆ
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն ընթերցեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու պահանջով Դատարանի կողմից կիրառվող ժամանակավոր միջոցը: Ըստ այդմ` «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝
- ապահովել, որ այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագ.
- ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում կամ ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն.
- ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի կիրառումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»:
Ջոան Դոնոհյուն նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և հավուր պատշաճի հարգանքով վերաբերվել և հիմք ընդունել այդ փաստաթղթերը: «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Հայաստանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը և Ադրբեջանի ներկայացուցչի՝ կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցին հոկտեմբերի 12-ի դատաքննության ժամանակ. դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում»,- ասաց նա: