ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀՀ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ
Ի պատասխան տարբեր հարթակներում Փաշինյանի և այլ բանակցողների այն ելույթների, թե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, փորձագիտական խմբերն անկախ վերլուծություններ են հրապարակում՝ հիմնավորելով, որ ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման մասին ՀՀ ԳԽ 1992թ. փետրվարի 18-ի որոշման 10-րդ կետից աներկբայորեն հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել է անկախ պետություն, որը պետք է իրավունք ունենա անդամակցելու ԱՊՀ-ին: ՀՀ Գերագույն խորհրդի այդ որոշումից հետո ևս Հայաստանի Հանրապետությունը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվել է ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ և հաստատագրվել է 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ: Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992թ. փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով…: Սա այն կարևոր 3 արձանագրումներից մեկն է, որ արել են <<Լույս>> հիմնադրամի փորձագետները՝ վերլուծելով Փաշինյանի կողմից հաճախակի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղումով Հայաստանը 29800կմ2 և Ադրբեջանը 86600 կմ2 ճանաչելն ու Արցախն Ադրբեջանի մաս համարելը:
Փորձագետների հիմնավորմամբ՝ ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում և Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը: ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի ընդունման պահին Ադրբեջանը դրան կողմ չի եղել:
Փորձագետների մեկ այլ խումբ հակադարձելով Փաշինյանի այն պնդումներին, թե իբր այդ հռչակագիրը կարող է հիմք լինել ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը՝ շեշտում է, որ նշված հռչակագրով տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերվում է ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությանն, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմաններին, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 350 համարում
Հ. Գ. Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հակադարձել է ՀՀ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո>>։ Զուրաբյանը վերահաստատել է այն եզրակացությունը, որ <<Փաշինյանը զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը>>: