ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանին ուղղված Հայաստանի 10 պահանջները
12.10.2023 19:05

      ԻՐԱՎԱԿԱՆ    //   

Ադրբեջանը պարտավոր է ռազմական ողջ անձնակազմը հեռացնել ԼՂ բոլոր բնակավայրերից, ճանաչել գույքային իրավունքները և ռեգիստրները…

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը․

  1. Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։
  2. Ադրբեջանը չպետք է կատարի գործողություններ, որոնց նպատակն է՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց, կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձն իրենց տներ, այդ թվում՝ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։
  3. Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։
  4. Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։
  5. Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։
  6. Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։
  7. Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։
  8. Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։
  9. Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։
  10. Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում։