ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՏԵՌՈՐՈՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՐՁԱԾԸ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԱԼԻԵՎԻ ՏԵՌՈՐՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ
30.09.2023 22:06

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՆՐԱ ԿԱԼԱՆՔԸ ՁԳՈՒՄ ԵՆ ԼՂ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՈՒ ԵՂԵՌՆԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ԴԱՏԱԽԱԶԸ, ԱԱԾ-Ն, ՔԿ-Ն

Ժողովուրդն իրավունք ունի պահանջել իշխանության հրաժարական, բայց վարչապետի աթոռ ապահովելն այն նախապայմանով, որ «Կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, կամ ես կլինեմ վարչապետ»-դասական տեռորիստական վերջնագիր է՝ ուղղված պետությանը, նրա ինստիտուցիոնալ համակարգի լինել-չլինելուն: Իրականում 2018թ. ձևախեղվեց ժողովրդի բողոքը, տեղի ունեցավ մի երևույթ, որի համանմանը, դիցուք, ԱՄՆ-ում Թրամփի գլխավորությամբ որակվել է՝ որպես «հարձակում ժողովրդավարության դեմ», տարբերությամբ, որ Փաշինյանը կիրառել է նաև տեռորիստական վերջնագիր: 

Եվ հիմա, երբ Ալիևը կեղծ «հակաահաբեկչական» բնորոշումներով, իրականում տեռորիստական հարձակում է գործել հարևան պետության՝ Արցախի Հանրապետության դեմ՝ պահանջելով զինաթափում և ժողովրդի կողմից ընտրված իշխանության լուծարում, ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե զերծ կմնան դա կանխելու քայլերից և Հայաստանը չի ներքաշվի այդ պատերազմում… Համաձայն ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի՝ Փաշինյանը հավակնելով ստանձնել վարչապետի աթոռը պարտավոր էր գիտակցել, որ իր պարտքն է լինելու երաշխավորել Արցախի անվտանգությունը, ոչ թե էթնիկ զտման, Ցեղասպանության դիտորդ և հանցակից լինել: Հիմա ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը, փոխարենը լալիս Արցախի Մարտունու երիտասարդ քաղաքապետ Ազնավուր Սաղյանի՝ հանուն հայրենիքի մարտերում զոհվելու համար: Վարչապետը՝ հակահերոս, քաղաքապետը՝ հերոս- 2 խիստ հակադիր կերպար, որոնց միջև խոր անդունդ կա: 

Փաշինյանի այն պնդումները, թե անտեղյակ է եղել սեպտեմբերի 19-ին Բաքվի հարձակմանը, բացահայտ կեղծ են: Դեռ օգոստոսի 24-ին Փաշինյանը հրապարակավ, իբրև «հոգեբանական թրիլերի անոնս», գույժ էր հայտնել, թե Բաքուն ծրագրել է բացել Լաչինի միջանցքը՝ թույլատրելու միայն ելք ԼՂ-ից: Այսինքն՝ նրան հայտնի էր մոտալուտ պատերազմի մասին, սակայն մտադիր լինելով անպաշտպան թողնել 120000 հայի, նա ձևացրեց, թե իրեն չեն հայտնել թշնամու հնարավոր օպերացիայի մասին:

Նշենք, որ «Գործընթաց» թերթը սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունից ստացել է Արցախում ընթացող պատերազմին առնչվող մի հաղորդագրություն՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ, որում  նա թույլ է տվել  հակասահմանադրական դատապարտելի հայտարարություն՝ հաստատելով, որ Բաքվի ռազմական հարձակման դեմ, ի պաշտպանություն Արցախի համարժեք կանխարգելիչ քայլ մտադիր չէ ձեռնարկել: Սա նշանակում է՝ ՀՀ վարչապետը գործում է հակասահմանադրական, ինչը նրա անհապաղ կալանքի հիմք է:  Հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նրա մամլո պատասխանատուների հետ, սակայն ոչ ոք տեղում չէր, ուստի ՀՀ վարչապետի մամլո քարտուղարին, հասարակայնության հետ կապերի վարչության պետին հետ ենք ուղարկել նշյալ հաղորդագրությունն՝ ընդգծելով նրա հակասահմանադրական, դատապարտելի լինելը…Նրա կալանքը ձգվում է Ցեղասպանության դիտորդների՝ Դատախազության, ԱԱԾ-ի, ՔԿ-ի հանցավոր լռությամբ: ԱԱԾ մամլո կենտրոնից մեր հարցմանն արձագանքեցին՝ նշելով, թե ԱԱԾ-ն մեկնաբանություն չունի նշյալ հայտարարության առնչությամբ՝ առաջարկելով դիմել այն հնչեցրած  պաշտոնյային, որի կառույցում անգամ զանգերին արձագանքող չկա, էլ ուր մնաց աշխատող լինի մեկնաբանություն տվող: Ասել է, թե ՀՀ իրավապահները դիտորդ մարմիններ են, որոնք իրենց անելիքը վերագրում են ԶԼՄ-ներին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 347 համարում