ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԵՐ ԿԱՆ, ՈՒՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՎԻՆՅԱՆԸ ՔԱՅԼԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
11.09.2023 16:04

     ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2023   

«ՖԻՐԴՈՒՍԸ» ՄԱՏՆՈՒՄ Է, ՈՐ 2018Թ. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Սեպտեմբերի 17-ին Երևանում նախանշված է ավագանու ընտրություն, որի արդյունքով կորոշվի նոր քաղաքապետը: Ընթացող քարոզարշավին զուգահեռ՝ քաղաքը ողողված է բողոքի ակցիաներով՝ կապված Արցախի հումանիտար աղետի, թշնամու կողմից ՀՀ և Արցախի տարածքներից առևանգվող զինվորների, քաղաքացիների, Երևանն իբրև Էրիվան հայտարարող Ալիևի զառանցանքներին չհակադարձող վարչախմբի, անվտանգային սպառնալիքների հետ: Մինչդեռ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իրեն անպատասխանատու է համարում քաղաքի անվտանգության հարցերում և խուսափում է այդ թեմայով հարցադրումներից՝ գիտակցելով, որ այդ սպառնալիքները հետևանքն են նաև իր այն ձախողումների, որոնք թույլ է տվել 2020թ. պատերազմի ժամանակ, թեպետ բազմաթիվ գեներալների փոխարեն՝ ինքն էր շտաբում գլխավոր որոշողներից մեկը՝ անմիջական ներգրավված հրամկազմի խորհրդակցություններին...Նա իրեն վստահված գործից վերադարձավ հետընթաց արդյունքով, ջնջվեցին 1994թ. հաղթանակի ձեռքբերումները...

Օր օրի ավելի բացահայտ է դառնում այն իրողությունը, որ 2018թ. իշխանափոխում չի եղել, ավելին՝ նորերն անտեղյակ են, թե ի՞նչ խնդիրների հիմքով էին մարդիկ հավաքվել հրապարակում, որ այդ խնդիրների թվում էր, օրինակ, գերակա շահի պատրվակով քաղաքաշինական ոլորտում տիրող գերակա կոռուպցիան...«Ֆիրդուս» թաղամասը դրա վառ օրինակն է, վայր, որը լինելով Կառավարությունից ընդամենը մի քանի մետրի վրա, այստեղ ոչ միայն քաղաքապետի թեկնածու Ավինյանը քայլելու խնդիր ունի, այլև վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք: Նրանք խուսափում են մտնել թաղեր՝ տեսնելու հրապարակային փակցված «Գերակա կոռուպցիա» վերտառությամբ պաստառները: 

Ի հեճուկս այս ամենի, շարունակելով վերարտադրել գերակա շահի մերժելի որոշումները, հենց օգոստոսի 11-ին Կառավարության նիստում որոշվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բանվորի արձանի հրապարակում, ներկայիս  «Աշխատանքի» հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ այսպես կոչված՝ հանրության գերակա շահ ճանաչել: Այլ կերպ ասած, կենդանի աշխատավորներին քշում են, որ տեղում արձան կանգնեցնեն՝ իբր նախկին ԽՍՀՄ օրոք եղած տեսքը ստանան, իսկ բուն տնտեսվարողները պետք է նեղություն կրեն, հեռանան «բանվորի աչքից հեռու», այլ տեղ:

...Քաղաքացիները համատարած հեգնում են նրա՝ «Ասե°ք, կանե°նք» կարգախոսը՝ նշելով, որ փաստորեն իրեն պիտի ասեն, որ անի, թե չէ, ոչինչ չի անի, անգամ պարտականությունները, որոնք արդեն իսկ ասված ու գրված են օրենքում: Մարդիկ նկատում են, որ նա որոշակի ասողների անողն է, օրինակ, կառուցապատողների, որոնց մոտ իշխանությունը խեղճ է, անկարող նախապայման դնելու, որ գնած տարածքում պարտավոր են 1-2 բարձրահարկ շենք կառուցել բարձր որակի ու նվիրել գերակա շահից տուժածներին՝ որպես փոխհատուցում: Քաղաքում չեն գործում սահմանափակումներ, որ դիցուք, անհատական բնակելի տներով պարփակված փողոցներին կից բարձրահարկ շենքեր չկառուցվեն: Հավելենք, որ Երևանի ՔՊ-ական իշխանության գլխավոր ձախողումների թվում է նաև աղբավայրի կառուցումը...: 

Նշենք, որ ընտրությանը մասնակից են 14 քաղաքական ուժեր, որոնց թվում՝ հակաիշխանական թեզերով են հանդես գալիս «Մայր Հայաստան» դաշինքն՝ ի դեմս մանդատը վայր դրած պատգամավոր Անդրանիկ Թևանյանի, որին սատարում է ՀՅԴ-ն: Նրանց թվում է՝ նաև «Ապրելու երկիրն»՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, «Ժողովրդավարական համախմբումն»՝ ի դեմս Սուրեն Պետրոսյանի և այլք...

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 346 համարում