ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՌԵՍՏԱՐՏ Է ՊԵՏՔ, ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱ
24.07.2023 22:02

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //  ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

ԼՂ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԸՍՏ ԻՐ ԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, նաև ՌԴ ԱԳՆ-ի կողմից շեշտադրումներ հնչեցին, թե Բաքվից պահանջում են՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների երաշխիքներն, ինչն ըստ էության ցույց է տալիս, թե որքանով է Ալիևը կարողացել մոլորեցնել նրանց՝ համոզելով, թե իբր ԼՂ-ն իր տարածքի մաս է: Իրականում Ալիևի թեզերն այնքան տգետ են ու թույլ, որ դրանք բանակցային սեղանին հերքել կարող է անգամ ամենամիջակ քաղաքական գործիչը, սակայն ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը խուսափում է բանակցային հանդիպմանը հանդես գալ այն անհերքելի շեշտադրմամբ, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության, այն 1918թ. իրավահաջորդն է, որի կազմում ԼՂԻՄ չի եղել: Թե հետո ի՞նչ թղթերով, ե՞րբ է ձևավորվել, այլ հարց է, դրանից Ադրբեջանի 1918թ. քարտեզը չի փոխվում: Հետևապես՝ անհեթեթ է նրանից պահանջել իր կազմից դուրս գտնվող որևէ պետության կամ տարածքային միավորի բնակչության իրավունքների պաշտպանություն: Պահանջել 1918թ. իրավահաջորդ Ադրբեջանից ԼՂԻՄ բնակչության իրավունքների պաշտպանություն, նույնն է, ինչ պահանջել, որ Կոսովոյի, Դոնբասի բնակիչների իրավունքները ևս պաշտպանի: 

Ավելի վաղ, այդ թվում՝ 2020թ. պատերազմի շրջանում և դրանից հետո մի քանի արդյունավետ լուծումներ <<Գործընթացն>> առաջարկել էր՝ հրապարակելով դրանք համառոտ, և դրանց թշնամին չէր կարող հակադրվել, սակայն ՀՀ իշխանությունն՝ ի դեմս Փաշինյանի նախընտրեց կրկնել Ալիևի անհեթեթ թեզերը: Հիմա ի հավելումն <<Գործընթաց>>-ի նախկին առաջարկների, հիմք ընդունելով իրավիճակի օրհասական լինելը, թեպետ լուծումներ գտնելը լրատվամիջոցի պարտքը չէ, այլ իշխանության, առաջարկում ենք գործող իշխանությանն ի պատասխան Ալիևի այն պնդումների, որոնցով շեշտում է, թե ԼՂ բնակչության իրավունքների հարցը կլուծվի ըստ իր Սահմանադրության և օրենքների, հակադարձել և բանակցային օրակարգում առաջ մղել այն փաստը, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ այն 1918թ. իրավահաջորդն է, որի կազմում ԼՂԻՄ չի եղել, հետևապես նրա բնակչության իրավունքները դուրս են Բաքվի իրավասությունից, նույնքան, որքան Կոսովոյի, Դոնբասի բնակչության իրավունքները: Սա հիմնովին կշտկի բանակցային օրակարգը, որն ակնհայտորեն կողմնակալ շեղում ունի՝ ի վնաս ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգային իրավանորմերի: 

Բացի այս, պետք է բանակցության ընթացքում պարզաբանել հետևյալը. եթե ուժով հարց լուծելն ընդունելի է, ինչու՞ չի ճանաչվում 1994թ. ազատագրման արդյունքը, որն ի տարբերություն 2020թ. պատերազմի, 30 տարվա խաղաղություն էր ապահովել, իսկ 2020թ. պատերազմից հետո Բաքուն դիմել է Լաչինի արգելափակմամբ էթնիկ զտումների ծայրահեղ քայլի՝ աղետի մատնելով Արցախը, որն անկախացել է հանրաքվեով: Այս փաստի քննարկումից բանակցողները խուսափում են հավանաբար այն պատճառով, որ անհայտ է, թե այդ հանրաքվեի ժամանակ ինչո՞վ էր զբաղված Շառլ Միշելը, բայց հայտնի է, որ Ալիևը թրև էր գալիս խաղատներում, իսկ Փաշինյանը դպրոցն ավարտելու և բողոքի ակցիայով բուհ ընդունվելու մտորումների մեջ էր:   

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 344 համարում