ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Շարունակվում է նախօրեին մեկնարկած համաժողովրդական շարժումն Արցախում
15.07.2023 21:00

     ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ   //  

Հանուն ինքնորոշման պայքարը կենաց ու մահու գոյամարտի է վերաճել 120 հազար տեղաբնիկների համար

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաքը, որ մեկնարկել էր երեկվանից՝ հուլիսի 14-ից, մինչ այս պահը շարունակվում է: Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Հումանիտար իրավիճակն Արցախի Հանրապետությունում վերաճում է աղետի: 120 հազար մարդ գոյապայքար է մղում սովի սպառնալիքի տակ, մեկ ամիս է հումանիտար բեռներ չեն մտել Արցախ –այս մասին ահազանգ հնչեցրեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Վերածննդի հրապարակի ամբիոնից երեկ պետնախարար Ներսիսյանը հարց էր ուղղել միջազգային հանրությանը. «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք։ Բավ է մեր ժողովրդի կյանքի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»: Հրատապ միջոցների պահանջով նամակներ են ուղղվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին, Եվրոպական խորհրդի նախագահին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ օդանավակայանի տարածքում, որտեղ խաղաղապահներին ներկայացվեցին Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջներ: Ցուցարարները վրաններ են տեղադրել խաղաղապահների գրասենյակի մոտ, նաև Ստեփանակերտի կենտրոնում: Հանրահավաքները Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվելու են, հայտնել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: