ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ ՀՀ ՏԱՐԱԾՔԸ ԳՐՈՀԱԾ ԱԼԻԵՎԻ, ԲԵՐՁՈՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՁՆԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ՔՐ. ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ
09.06.2023 19:25

     ՀԱՆՐԱՅԻՆ     

ՀԱՆՐԱՅԻՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻՑ , ՈՐՈՆՑ  ՆԱ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ 

Մայիսի 24-ին «Գործընթաց» անկախ թերթից  պաշտոնական գրությամբ մի շարք հրատապ, հանրային հնչեղության հարցեր ենք ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով. «Դուք  շարունակ  խուսափում  եք անկախ  մամուլի հարցերից  Ազգային ժողովում, Կառավարությունում և այլուր: Փոխարենը ժամանակ չեք խնայում, դիցուք, ՀՀ վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմիկ հավաքույթների  համար, ուր  դիլիջանյան Ձեր  հրապարակային  ելույթում  երկար խոսում էիք դես ու դենից՝ ընդհուպ «հավաբուն մաքրելու» և այլ ոչ էական թեմաների շուրջ: Երկրում աճում է ատելությունն՝ ի հաշիվ տիրող անարդարության, «բեսպրեդելի», բարձրաստիճանների անպատժելիության, իսկ Դուք քաղաքական իշխանավորի կնոջ հետ մտերմությամբ  առերևույթ  խախտում  եք քաղաքական չեզոքությունը՝ դրսևորելով կողմնակալություն՝ հօգուտ կոնկրետ քաղաքական ուժի, որը տվյալ դեպքում՝ իշխանությունն է: Պետական ու հանրային  շահերը  շարունակաբար  վնասող  պաշտոնյաները  շարունակում  են գործել անխոչընդոտ, նրանց առնչվող քր. գործերով չկան կալանքներ, փոխարենը վարչապետի ընտանիքին  առնչվող  միջադեպերով օպերատիվ, մի քանի ժամում կալանավորում է արվում: Եթե այդքան  մտահոգ  եք  վարչապետի ընտանիքով, և կարծում եք, թե օրինապահ են, գուցե նպաստեք, որ, ի վերջո, Ձեր մտերիմ  Փաշինյան ամուսինները  դիմեն ամուսնության օրինականացման՝ ՔԿԱԳ միջոցով, թեպետ  իրենց 4 զավակներն արդեն անդառնալիորեն զրկված են օրինական ամուսնությամբ ծնվածներին հասու իրավունքներից:

Այս  ընթացքում  կուտակվել  են  հարցեր, որոնց  պատասխանները  ժողովուրդն իրավունք ունի օր առաջ ստանալ, դրանք հետևյալն են.

  1. Քանիցս  Ադրբեջանը  գրոհել է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ հանգեցնելով զոհերի, տեղակայվել մի շարք կետերում, և դրա մասին առկա են Ալիևի հրապարակային խոստովանությունները: Այս ընթացքում Դուք հրատապ ԱԺ եք մտել հանրային քր. հետապնդման գործերով, փոխարենը մինչ օրս խուսափում եք միջազգային քրեական հետապնդում հարուցել նախագահ  Իլհամ  Ալիևի  և նրա հանձնարարականները կատարած այլ անձանց դեմ, արդյո՞ք դա հրատապ չէ՝ հաշվի առնելով հետևանքները, ինչու՞ չի արվում:
  2. Ըստ ՀՀ մի շարք իրավական ակտերի, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, այսինքն՝ ՀՀ վարչապետը լիազորված է միայն «անվտանգության երաշխավորման»…: Մինչդեռ նա ձևախեղելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ադրբեջանին է վերագրում հռչակագրում չնշված մտացածին 86600 կմ2, նրա կազմ արհեստական խցկելով  ԼՂ-ն, որն անջատվել էր խորհրդային Ադրբեջանից, ուստի այն նշյալ հռչակագրով չուներ 86600 կմ2: Ինչու՞ է ՀՀ դատախազությունը հովանի կանգնել ՀՀ վարչապետ Փաշինյանի անպատժելիության՝ թույլ տալով նրան լիազորությունների վերազանցումներ, դավաճանություն, պաշտոնեական ստեր, պետական ու ազգային շահերի դեմ շարունակվող վնասարարություն:
  3. Հայ ժողովուրդն իրավունք ունի ստանալ այն հարցի պատասխանը, թե ո՞ր իրավական ակտի հիմքով են հանձնվել Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքն ու շրջակա գյուղերը՝ հանգեցնելով  մասսայական  տնազրկումների, այլ գույքային  կորուստների: Ըստ ՀՀ վարչապետի և ՊՆ  նախարար Պապիկյանի՝  իրենք  այդ  տարածքները  հանձնել  են բանավոր կարգով, մինչդեռ դա կոպտագույն  օրինախախտում  է. ոչ ՀՀ-ում, ոչ Արցախում չկա  թշնամուն հողերի հանձնման բանավոր  կարգ:  Ինչու՞ են  նրանք  ազատության  մեջ,  որ  շարունակեն  վնասե՞լ  ժողովրդին: Ի՞նչ քայլեր է արել ՀՀ դատախազությունն այս հանցագործության պատժման, նրա շարունակական դրսևորումը կանխելուն ուղղված:
  4. Վերջերս Հայաստան ներմուծված 1 տոննա թմրանյութի և Իտալիայից Հայաստան ուղևորվելիք 2,7 տոննա կոկայինի տխրահռչակ դեպքերը հանրային մեծ վտանգավորություն են ներկայացնում, և դա չէր կարող արվել առանց ներկայիս բարձրաստիճանների հետ նախնական գործարքի: Մինչ օրս քանի՞ պաշտոնյա է կալանավորվել, որ կանխվեն հետագա նման դեպքերը:
  5. Այն, որ ՀՀ վարչապետը  բարձրաստիճան  երաշխիք  ունի  գործելու  անպատիժ, երբ անգամ  իր  ավտոշարասյունը  հրապարակավ  հղի  կնոջ  է  վրաերթի ենթարկում՝ պատճառ դառնալով  միաժամանակ  2  մարդու սպանության, որ գուցե չլիներ, եթե ժամանակին օգնություն ցուցաբերվեր, ակնհայտ է այն փաստից, որ  տևական  ժամանակ  է  անցել, չկա  որևէ  կալանավորված  անձ: Այդքան ցա՞ծր է հանրային վտանգավորությունն այս միջադեպի, որ այդ գործով տեղաշարժ չկա, թե՞ Ձեր մտերմությունն է խոչընդոտում էական արդյունք գրանցելուն:
  6. Անկախության տոնը զոհվածների ծնողների դեմ բռնի քաշքշուկի վերածած «Եռաբլուրի գործով» առերևույթ է ուժային ծառայողների հակաիրավական վարքագիծը՝ խոչընդոտելու ծնողների ազատ տեղաշարժին, խոսքի ազատությանը Եռաբլուրում: Ինչու՞ որևէ կալանավորված անձ չկա:
  7. ՀՀ վարչապետի քաղաքացիական  կնոջ  որդին՝  Աշոտ Փաշինյանը, փոխանակ իր հոր դեմ բողոքելու, որ  իրեն  զրկել է այն իրավունքներից, որոնք ունեն օրինական ամուսնությամբ ծնվածները, հաղորդում  է  տվել զոհված  հերոսի  մոր՝  Գայանե Հակոբյանի դեմ, որն իրեն առաջարկել էր Եռաբլուր գնալ: Աշոտն  ինքնակամ  նստել, ինքնակամ  էլ դուրս է  եկել  նրա մեքենայից, և Գայանեի  կողմից  նրա  դեմ  բռնության  որևէ  փաստ չկա, բայց  գործը  որակվել  է  իբրև «առևանգում»: Մի՞թե  անձին  Եռաբլուր  ուղեկցելը  կալանավորման ենթակա հանցագործություն  է, կամ արդյո՞ք «առևանգումն»  ավելի  վտանգավոր է, քան 2 անձի սպանությունը՝ հղի կնոջ վերոնշյալ դեպքով, որի համար չկա որևէ կալանավորված:

Ձեզ հայտնի է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որն անձի ու գույքի ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության իրավունք է տալիս՝ արդարացնելով դրա համար ձեռնարկված միջոցները:  Մեր  երկրում  կան  բազմաթիվ  քաղաքացիներ՝ մարդկային ու գույքային կորուստներ ունեցած՝  Փաշինյանի  վարչախմբի  ստորագիր  ու  բանավոր  ապօրինի  որոշումների հետևանքով: Նրանց ձեռքը դատախազությունը չի բռնել, և այդ իրավունքից, ակնհայտ է, որ օգտվում  են ծայրահեղ պաշտպանության դիմած անձինք»:  Այս հարցերին ՀՀ գլխավոր դատախազը պետք է պատասխաներ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում, որը լրացել է մայիսի 30-ին, պատասխան դեռ չենք ստացել, գրությունն ընթացքի մեջ է:

Հրապարակվել է «Գործընթաց» թերթի մայիսի 31-ի համարում