ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՈՉՎՈՐ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՀԱՇՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
29.05.2023 21:39

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը սրվել են նրա զառանցանքները, տրվել է պաշտոնական պատասխան

Մայիսի 28-ին՝  Հայաստանի 1-ին Հանրապետության օրը, սրվել են Ալիևի զառանցանքները՝ կապված բազմադարյա Հայաստանի ու Արցախի գոյության հետ: Պաշտոնապես արձագանքելով Բաքվի բռնապետի նոր զառանցանքներին՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ «Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը երկրի «նախագահն» ու «Ազգային ժողով» պետական ինստիտուտներն են…Ադրբեջանի նախագահը նման պահանջներով ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով եւ Արցախի Սահմանադրության հիման վրա: Հարավային Կովկասում տեւական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին: Ի  հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն են  Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։ Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով: