ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՀՀ ՆԵՐԽՈՒԺԱԾ ԴԻՐՔԵՐԻՑ ԵՆ
11.04.2023 19:37

     ԻՐԱՎԱԿԱՆ   

Նախկին ՄԻՊ Ա. Թաթոյանը փաստեր է հավաքագրում՝ միջազգային կառույցներին ներկայացնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցներն, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետևանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքն, իսկ անձնակազմը` տարհանված:

Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքներ գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ և այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։

Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում: Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի: Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում`  անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով:

Արման Թաթոյան