ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
Այն շարժական տոն է և տարբեր տարիների նշվում է տարբեր օրերի
Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն շարժական տոն է և տարբեր տարիների նշվում է տարբեր օրերի: Այս տարի տոնը նշվում է ապրիլի 9-ին: Այն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն է, որ կոչվում է Զատիկ, ինչը նշանակում է՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ <<Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի>>, և ինչպես իմաստուններն են ասում. <<Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը>>:
Տոնի խորհրդի և մեր ազգային մշակույթի համաձայն՝ Զատկական տոնի սեղանին դրվում է՝ որպես օրվա քաղցր թխվածք, գաթա (Ախտարքի գաթա, որի վրա պատկերել են կենդանակերպի տասներկու նշանները կամ պատկերել խաչի նշան), չորեքը կամ կաթնահունց: Տոնի խորհուրդն ամբողջանում է զարդարանքով. զարդանախշ, կարմիր ձվերով, զատիկներով, հավի ճուտիկներով և այլն: