ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 4-ին
31.01.2023 17:22

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 4-ին։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Qahana.am-ի հաղորդմամբ, տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: