ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՇՆԱՄՈՒ ՀԱՐՈՒՑԱԾ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԻԹԱՎՈՐՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
13.01.2023 20:33

     ՃԳՆԱԺԱՄ  ԱՐՑԱԽՈՒՄ   

Էներգետիկ, հումանիտար հարցերը չեն լուծվել, ՌԴ-ի միջոցով վերականգնվել է ինտերնետը

ՀՀ իշխանությունների վարած անգրագետ քաղաքականության արդյունքում թշնամին օր օրի ավելացնում է խնդիրներն Արցախի դեմ: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է  միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Այսօր Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը տեղի ունեցած շտաբի նիստում  նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և  հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս  նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և  հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին,  քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ  ներկայացնել: Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից: 

Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում  ինտերնետ-կապը խափանվել էր` ՀՀ-ից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։ Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։ Ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցություններով  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ-ի մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում վերականգնել ինտերնետ-կապը։