ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի Հանրապետության զինուժը չի կազմալուծվելու
22.11.2022 19:15

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած խոսքին հակադարձել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը 

Նոյեմբերի 14-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական մարմինն՝ ի դեմս պաշտոնական աղբյուրի՝ «Ապառաժ»-ի հարցում էր հղել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին՝ հիմք ընդունելով․նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն ակնարկը, թե իբր Արցախից հնչել է առաջարկ՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման շուրջ, եթե միջազգային երաշխիքներով ստեղծվի ապառազմականացված գոտի: Նույն միտքը նա կրկնել է հաջորդ օրը հանրային կոչվող ալիքի հետ զրույցում՝ հետևյալ ելույթով. «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ»: Տեղյա՞կ է արդյոք նման առաջարկին Արցախը և ո՞ր մարմինն է հնչեցրել նման առաջարկ - «Ապառաժ»-ի այս հարցերին ի պատասխան՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հերքել է՝ նշելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ՀՀ իշխանություններին երբևէ չեն արել նման առաջարկ թե՛ գրավոր, և թե՛ բանավոր։ Անդրադառնալով գրությամբ ներկայացված կոնկրետ հարցադրումներին՝ հայտնել են հետևյալ․

  1. Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու։ Հակառակն՝ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ բանակն արդի պայմաններին համապատասխանեցնելու համար։
  2. Արցախի Հանրապետության որևէ պետական մարմին չի հնչեցրել նման առաջարկ:
  3. Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունների միասնական տեսակետն է՝ ամեն գնով պահպանել Արցախի զինված ուժերը, դրանք համալրել թե՛ մարդկային և թե՛ տեխնիկական ժամանակակից միջոցներով և ունենալ մարտական խնդիրները կատարող զինված ուժեր»: