ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽԻ ՀՈՂԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՁՆԵԼԻՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՉԷՐ, ՀԻՄԱ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է
03.08.2022 20:03

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //   

2 զոհ, 14 վիրավոր Հայաստան-Արցախ միջանցքի համար մարտերում

Ըստ պաշտոնական հաղորդման՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի՝ Հաթերքի մշտական տեղակայման վայրը, և բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ՝ որպես հետևանք մահացու վիրավորել են Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանին և Արթուր Յուրիի Խաչատրյանին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊԲ-ն: 2 զոհից բացի, ունենք ևս 14 զինծառայող, որոնք տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։

Ավելի վաղ Արցախի նախագահը հրավիրած ԱԽ նիստում հայտնել էր Բաքվի ներկայացրած նոր պահանջի մասին, որը դուրս է անգամ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից և ռուս խաղաղապահների վերահսկողության տիրույթ Բերձորի /Լաչինի/ միջանցքի բռնազավթում է հանդիսանում Բաքվի կողմից: Այս առնչությամբ այսօր տարածվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Բերձորի /Լաչինի/ միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Նա շեշտել է, որ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր, սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Գրիգորյանը հաստատել է, որ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի, Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել:

Այս ամենից ակնհայտ է, որ Բաքուն կոպտորեն խախտելով իր իսկ ստորագրած եռակողմ հայտարարությունը մարտեր է մղում բռնազավթելու Հայաստանն Արցախին կապող միջանցքը, մինչդեռ այս ընթացքում արձակուրդում գտնվող և նրա հետ նույն թուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում վերադառնալ արձակուրդից, այն դեպքում, երբ Արցախում արդեն մասնակի զորահավաք է հայտարարվել: Հարց է ծագում, աշխարհում ո՞ր վարչապետն է պատերազմի պահին գտնվում արձակուրդում, եթե ոչ դավաճանը: Ստացվում է, որ Արցախի հողերը հանձնելիս Նիկոլ Փաշինյանն արձակուրդի չէր, իսկ հիմա՝ նոր պատերազմի նախաշեմին, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ արձակուրդից չի վերադարձել:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում