ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը». Ղազինյան
30.07.2022 17:36

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

ԱԺ պատգամավորի մանդատը վերջերս ինքնակամ վայր դրած,  «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ուշագրավ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանել է, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները:

Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով են կանխվում «ռևանշիստների» գործողությունները: Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ՝ ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից: Հետաքրքիր է՝ ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները, նրանց ձերբակալող քննիչներն ու դատախազները և կալանավորող դատավորները գիտակցո՞ւմ են, որ կատարում են Ադրբեջանի պետական ավտանգության ծառայության ղեկավարի հրամանները: Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ՀՀ ԱԱԾ ղեկավարի կոշտ պատասխանն Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի այս ցինիկ և նվաստացուցիչ հայտարարությանը:

Հ. Գ. Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի առեղծվածային մահը կարծես՝ ստանում է կոնկրետ պատճառա-հետևանքային փաթեթավորում...»: