ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դիմադրության նոր փուլ, առաջիկա անելիքներ
19.06.2022 23:08

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 24-ին, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում

Երեկվա Դիմադրության քայլերթից հետո ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է. «Մենք այս պայքարը միանշանակ հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, հայ մարդը երբեք ծնկի չի գալու։ Դավաճանները հեռացվելու են և վերջ։ Անցած անգամ մենք հայտարարել էինք, որ շարժումն էլ ավելի ընդլայնելու նպատակով ստեղծվում են կոմիտեներ ու ոլորտային հանձնախմբեր։ Մենք արդեն ստեղծել ենք պաշտպանության ու անվտանգության հանձնաժողով, որը ոլորտի հայտնի մասնագետների հետ իրականացնելու ենք։ Մենք ստեղծել ենք նաև սոցիալ-տնտեսական հանձնախումբ։ Ստեղծել ենք նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների հանձնախումբ։ Մենք ստեղծել ենք նաև քաղաքական հանձնախումբ։ Մենք առաջիկայում ձեզ կներկայացնենք այն բանաձևերը, որոնցով հասարակ քաղաքացիները կարող են ներգրավվել այս աշխատանքներում։ Երկուշաբթի օրվանից բոլոր մարզերում տեղի են ունենալու դիմադրության խորհուրդներ ստեղծելու աշխատանքներ։ Մեր համապատասխան հանձնախմբերը երկուշաբթի օրվանից կսկսեն մարզերում աշխատել։ Եկող շաբաթվա ընթացքում մեր ակցիաները շարունակվելու են։ Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 24-ին, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։ Մենք նաև որոշել ենք, որ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, 19։30-ին շարժման պատասխանատուները, ընդդիմադիր պատգամավորները կլինեն Ֆրանսիայի հրապարակի այգում՝ զրուցելու, հանդիպելու մեր քաղաքացիներին»:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է օրվա իշխանության կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կառաջարկի ներկա իրավիճակից դուրս գալու հստակ ծրագիր, կհամախմբի ողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից։ Պետք է ազնիվ ու պատասխանատու իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի իր ժողովրդին։ Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ պետք է պատասխանատու, բանիմաց, պրոֆեսիոնալ ու հայրենասեր իշխանություն։ Իսկ մենք ունենք ապազգային ու դավաճան իշխանություն, որը դատապարտված է։ Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածությունն առոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ։  Ընդդիմությունն ընդգծում է, որ  կարող ու սկզբունքային մարդու կողմնակից է, լինի նա հներից թե նորերից։ Ներկա իշխանությունը վտանգավոր է պետության և պետականության համար և օր առաջ պետք է հեռանա։ <<Նիկոլ Փաշինյանը պարտության, զազրախոսության, տգիտության, դավաճանության, ստախոսության ու անպատասխանատվության խորհրդանիշն է>>,-ամփոփել է իր խոսքն Ի. Սաղաթելյանը։