ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԴԵՄԻՐՃՅԱՆՈՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒ՞Ն» Է
04.06.2022 22:11

     ԻՐԱՎԱԿԱՆ    

Փողոցը երկկողմ փակվել է հանրային բազմամարդ տեղաշարժի դեմ վահաններով, կիրառվել են նռնակներ՝ հանգեցնելով արյունալի հետևանքների

Արցախի հարցով հունիսի 3-ին ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթն ԱԺ-ում իշխանության ջանքերով տապալվելուց հետո իրադարձությունները զարգացան դրամատիկ հունով, ինչը կանխատեսելի էր: Նշենք, որ 107 հոգանոց խորհրդարանում ընդդիմությունը 35 պատգամավոր ունի, որի գերակշիռ մասը ներկա էր նիստին, բացառությամբ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանից, որը Ֆրանսիայի հրապարակում էր՝ հրավիրված հանրահավաքը համակարգելու համար, և «Պատիվ ունեմ»-ը՝ ղեկավարող Արթուր Վանեցյանից, որը վերջին օրերին վատառողջ էր: ՔՊ-ից միայն ԱԺ նիստը նախագահող Ալենն էր ներկա, որն էլ հայտարարեց քվորումի բացակայության մասին, տրվեց 4 ժամ, բայց այդ ընթացքում այդպես էլ անհրաժեշտ թվով պատգամավորներ ՔՊ-ից ներկա չեղան նիստին:

Ի նշան բողոքի՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմությունը որոշեց նախ՝ շրջափակել կառավարության մուտքերը, ապա նրանց լուրեր հասան, որ Փաշինյանը շենքում չէ և հեռացել է այնտեղից մինչ իրենց կառավարություն հասնելը: Բազմությունը շարժվեց դեպի կառավարական առանձնատների համալիր, ապա Պռոշյանի կողմից փորձեց շարունակել քայլերթը Դեմիրճյան փողոցով, ինչն իրավապահների կողմից խոչընդոտվեց՝ ընդհուպ նռնակների կիրառմամբ՝ ի հեճուկս այն տվյալների, որ քայլերթի մասնակիցների մեջ կան անչափահասներ, մանկասայլակներով քաղաքացիներ: Նրանց տեղաշարժը Դեմիրճյան փողոցով խոչընդոտելու ոստիկանության անհեռատես քայլը տարբեր վարկածների տեղիք է տալիս. Կարծես, Դեմիրճյան փողոցը ոմն բարձրաստիճանի սեփականաշնորհած փողոցն է և միայն նա կարող է այդտեղ ազատ տեղաշարժվել, իսկ քաղաքացիների տեղաշարժն, անգամ անչափահասների, իրավապահները պաշտոնապես բնորոշել են որպես «զանգվածային անկարգություն»՝ այն կանխելու համար կիրառելով ընդհուպ նռնակներ:

Եվ այսպես, Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանական զորքերն անհամաչափ և բիրտ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ «Ժողովրդավարության բաստիոն»-ի ոստիկանությունը քաղաքացիներին ծեծել է մետաղական վահաններով, մահակներով, հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ կիրառել ավելի շատ վնասելով գործընկերներին, քանզի տուժածների մի զգալի մասն էլ հենց ոստիկաններից են: Առկա են տեսանյութեր, ըստ որոնց ոստիկանները նախ՝ հակասություն են ունեցել միմյանց մեջ, թե ի՞նչ քայլերի դիմել, ապա մի խումբը հրահանգվել է անորոշ ուղղությամբ արձակել նռնակներ, ինչն էլ ունեցել է անկանխատեսելի հետևանքներ, այդ թվում՝ վնասելով կառավարական առանձնատան մոտ հավաքված ոստիկաններին: Ըստ պաշտոնականի՝ բուժհիմնարկ է տեղափոխվել 34 ոստիկան, 16 քաղաքացի: 13 անձ ձերբակալվել է: Դիմադրության շարժման համակարգողները կարծում են, որ հունիսի 3-ի միջադեպը եղել է հրահրված. «Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Քաղաքացիական հագուստով սադրիչներ ենք տեսնում մեր շարքերում։ Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը։ Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ու հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։ Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։  Մենք նոր բան չենք պահանջում ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով»,-նշել է Իշխան Սաղաթելյանն ասուլիսում։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում