ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ջահերով երթը մինչ Ծիծեռնակաբերդ բազմապատկվել էր՝ ուղեկցված միասնական կոչերով
24.04.2022 23:23

     ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ -107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ    

Սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումն՝ ընդդեմ թրքաշահ ու աղետաբեր գործելաոճի

Այս տարվա ջահերով երթն աննախադեպ էր մարդկանց թվաքանակով: Դրա մասին է փաստում նաև այն, որ Հանրապետության հրապարակից մեկնարկած անդադար երթը միայն 4 ժամ անց է հասել Ծիծեռնակաբերդ՝ երթի մասնակիցների հոծ բազմությամբ: Երթի ընթացքում հնչած թեզերն ու կոչերն էլ այնքան ընդունելի են եղել երթի մասնակիցներին, այդ թվում՝ «Նիկոլ-դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» եւ այլն, որ մինչ Ծիծեռնակաբերդ հասնելը երթը բազմապատկվել է: Անգամ մայթերից շարունակ նորանոր խմբեր էին միանում երթին:

Նշենք, որ երթի մասնակիցների թվում էին նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նախքան երթն Իշխան Սաղաթելյանը հնչեցրել է միասնական ուղերձը, որում ընդգծվել է, որ «Այս երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։ Մենք արձանագրում ենք, որ ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է։…Չենք թույլ տալու, որ այս իշխանությունն, իր կործանարար քայլերով, քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթ է…Այս հրապարակից, Երեւանի սրտից, մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թե փակ դռների ետեւում, ցանկացած պետության մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։ Այս հրապարակից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող, նախնյաց հիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են. մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։ Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները։ Մենք  միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ։… Համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։ Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ։ Երեկ ես հայտարարել եմ՝ գնալու ենք մինչեւ վերջ։ Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը։ Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի»։

Հիշեցնենք, վաղվանից ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաների շարք, այդ թվում՝ մարզերից միացած աջակիցներով։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում