ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Արցախը չի’ լինելու Ադրբեջանի կազմում». պայքարը դիվերսիֆիկացվում է
24.04.2022 21:22

     ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ        Ոգեշնչման մի քանի գործոններ, ստորագրահավաքի արդյունք և հացադուլի դադար, ակցիաներն ընդլայնվելու են 

Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաները շարունակվելու են: Դրանց շրջանակում ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնարկ էր տվել նստացույցերի: Նույն հրապարակի տարբեր հատվածներում նստացույցեր են իրականացնում նաև զոհված զինծառայողների ծնողներ, «Սև հովազ» ջոկատի ներկայացուցիչները, նախաձեռնվում են տարբեր բողոքի ու իրազեկման ակցիաներ: Դրանց թվում 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներ՝ Արթուր Ավագյանը  և Նվեր Կիրակոսյանը անժամկետ հացադուլ էին հայտարարել Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում: Ապրիլի 21-ին, երբ «Գործընթաց» թերթի լրագրողներս Ազատության հրապարակում էինք, ինքնաբուխ հավաք կայացավ, որը բազմամարդ էր, ելույթ ունեցան հացադուլի մասնակիցներ Արթուրն ու Նվերն՝ ընդգծելով իրենց ստացած մեծ էներգիան և ոգեշնչումը, ապա խնդրեցին ներկաներին ստորագրությամբ վերահաստատել դիրքորոշումն առ այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և չպետք է թույլ տալ դա։ Այս ապաքաղաքական, հանրային դիրքորոշում բովանդակող ստորագրահավաքին միանալու համար հաշված վայրկյանների ընթացքում գոյացավ հավաքի մասնակիցների մի մեծ հերթ: Ընդամենը 1 օրում հավաքվեց ավելի քան 2200 ստորագրություն:

Մինչ հացադուլի մասնակիցները հետևում էին ստորագրահավաքին՝ «Գործընթաց» թերթի լրագրողներս անձամբ դիմեցինք նրանց՝ դադարեցնել հացադուլը: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 22-ին ուրախությամբ տեղեկացանք, որ նրանք դադարեցրել են հացադուլը՝ մի քանի գործոնների հիմքով: Իրենց ելույթում նշել են, որ ավելի քան 2200 մարդ արձագանքեցին  իրենց կոչին, վերահաստատեցին, որ անտարբեր չեն, տեսնելով հրապարակում կանգնած մարդկանց, տեսնելով ստորագրած մարդկանց քանակը, հացադուլի նպատակը համարում են կատարված։ Միաժամանակ գտնում են, որ իրենց խոսքը չպետք է սահմանափակված լինի հրապարակում նստելով, այլ պետք է դիվերսիֆիկացվի: «Մենք անպայմանորեն նորից հանդիպելու ենք, քանի որ մեզ այլևս մի բան է հավերժ կապում՝ մենք անկախության սերունդ ենք, և մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում»,– հայտարարել են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը  և Նվեր Կիրակոսյանը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան