ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ. ԱԺ-ն իրավասու չէ իրավական գնահատական տալու՝ կարգ ու կանոնի խախտման
16.04.2022 18:53

      ՔՆՆԱՐԿՈՒՄ   //   


ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Լրատվամիջոցների ղեկավարների, լրագրողների  ու մի շարք ՀԿ-ների մասնակցությամբ երեկ՝ ապրիլի 15-ին  ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում: ՔՊ պատգամավորների կողմից շրջանառության դրված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի հերթական նախագծի վերաբերյալ: Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նշենք, որ այս նույն հանձնաժողովի անդամ է նաև աղմկահարույց նախագծի հեղինակ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որն, ինչպեսև նախագծի համահեղինակ Լիլիթ Մինասյանը ներկա չեղան քննարկմանը: «Գործընթաց»-ը նախքան քննարկումը պարզել էր, որ նախագծի հեղինակը մտադիր չէ նախաձեռնել առանձին քննարկում: Սա հիմք էր տալիս կարծելու, որ նախագծի իրական հեղինակներն այն անձինք չեն, որոնց անունները նշված են նախագծում, նախագծի իրական հեղինակները քողարկված են և անհագուրդ միտում ունեն շարունակ, ԶԼՄ-ների դեմ ուղղորդված նախագծեր շրջանառելու՝ հընթացս սահմանադրական և այլ օրենսդրական նորմերի, իրավական պրակտիկայի տարրական կանոնների շրջանցմամբ սահմանափակումներն ավելացնելու՝ ի վնաս հանրային իրազեկման:

Ընդամենը մի քանի ամիս է անցել ԶԼՄ մասին օրենքի վերջին փոփոխությունից և ահա կրկին իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն «քչփորում» է նույն օրենքը: Ըստ նոր նախագծի՝ ՔՊ-ական պատգամավորներն ակնկալում են պետական մարմնին, այդ թվում՝ ԱԺ-ին օժտել մի իրավունքով, որը բացառված է միջազգային պրակտիկայում, խոսքը պետական մարմնի կողմից լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին է, որի հիմքը նախագծում չի նշվում: Միայն նախագծի «հիմնավորում» կոչվող տեքստից կարելի է ենթադրել, որ նկատի ունեն այն դեպքերը, որոնք վերաբերվում են կարգ ու կանոնի  խախտմանը:

Այս առումով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը «Գործընթաց» թերթի հիմնադիր-տնօրեն Ինարա Դանիելյանն իր ելույթում ընդգծեց հարցի համար սկզբունքային կարևորության մի փաստ, որ հավատարմագրումը ԶԼՄ-ի իրավունքն է, որից կարող է օգտվել կամ չօգտվել: Դրանից ելնելով հավատարմագրման դադարեցումն արվում է ԶԼՄ-ի դիմումով, որը տարբեր պատճառներ կարող է իր հիմքում ունենալ: Մինչդեռ ըստ նոր նախագծի ակնկալելով պետական մամնին տալ իրավունք՝ դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը կարգ ու կանոնի խախտման հիմքով, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն, այն է՝ իրավական դեպքերի քննության դաշտ, որի համար ոչ միայն ողջ աշխարհում, այլև Հայաստանում գործում է քննության այլ ընթացակարգ և դրա շրջանցումն ինքնին կհանդիսանա օրինախախտում: Կխախտվեն իրավական պրակտիկայի հիմնարար կանոնները, քանզի ցանկացած պետական մարմին չի կարող իրավական գնահատական տալ՝ կարգ ու կանոնի խախտման մեջ մեղադրվող անձի նկատմամբ, անգամ դատավորն այդ իրավունքը չունի: 

ԱԺ-ում կարգ ու կանոնի խախտումների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ առավել հաճախ խախտումներ դրսևորվում են հենց ԱԺ-ի կողմից, ոչ թե լրագրողների: Օրինակ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերջին մամլո ասուլիսի վերաբերյալ տեղեկույթն ԱԺ-ն ԶԼՄ-ին է ուղարկել այն նույն ժամին, որին պիտի տեղի ունենար ասուլիսը: Սա կոպիտ խախտում է հավատարմագրման կարգի: Մեկ այլ օրինակ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ լրագրողական օթյակում կարելի է նկատել, որ կողմնակի անձանց թիվը մի քանի անգամ գերազանցում է լրագրողների թիվը, նրանք հաճախ նստում են օթյակի 1-ին շարքում, ուր հատուկ հարմարեցված են ձայնագրման սարքեր՝ նախատեսված բացառապես լրագրողների համար՝ ի նպաստ անաղմուկ ձայնագրումների: Կողմնակի անձինք զբաղեցնելով այդ շարքը՝ ի ցույց են դնում արարողակարգի անկապությունը ԱԺ շենքի նախագծված ճարտարապետաշինական լուծումներից: Թույլ տալով կողմնակի անձանց բարձիթողի վիճակը՝ ԱԺ-ն խախտում է աշխատակարգի կարևոր կանոններ՝ նախատեսված լրագրողների համար: Այդ ամենով հանդերձ, ԱԺ աշխատակարգի կանոնները մեծ հաշվով վերաբերվում են նրա աշխատողներին, ոչ թե լրագրողներին, ուստի կարգ ու կանոնի խախտման մասին նախագիծ բերելիս ՔՊ-ն պարտավոր էր հստակեցնել, թե ո՞ր կանոնները նկատի ունի, բացի այդ հաշվի առնել, որ պատասխանատվության միջոցը որպես կանոն գործում է մեղմից դեպի խիստ աստիճանակարգային ռեժիմով, ցանկացած կանոնի խախտում չի կարող հիմք տալ հավատարմագրումը դադարեցնելու: Պետական մարմինն ինքնիրեն նման իրավունք վերապահելով պարտավոր է իրավախախտման ապացույցներ ներկայացնել, սակայն դրա մասին խոսք չկա նախագծում:

Քննարկմանը «Գործընթաց» թերթի դիրքորոշման մեջ շեշտվել է, որ ԱԺ-ում կարգ ու կանոնի նորմերը հստակ չեն և պարբերաբար փոփոխվում են, հաճախ նույնիսկ կանոնակարգից չբխող բանավոր պահանջներ են առաջադրվում, հատկապես՝ ԱԺ նիստերի ժամանակահատվածում, այլ կերպ ասած գործում է ծայրահեղ անկայուն ռեժիմ: Նման պայմաններում մեծ է ռիսկը, որ պետական մարմինը կդիմի կամայական որոշումների լրագրողների հանդեպ: Դժվար է պատկերացնել, բայց անկախությունից անգամ 30 տարի անց կա իշխող վարչակազմ, որն իրեն հռչակել է ժողովրդավար, բայց կարիք ունի ընկալելու, որ հավատարմագրված լրագրողի աշխատանքը շնորհակալ գործ է, հասարակական հիմունքներով իրականացվող ծառայություն թե՛ ԱԺ-ում, թե ՀՀ կառավարությունում և այլ պետական մարմիններում, մինչդեռ նախագծի հեղինակ ՔՊ-ականները պետության հաշվին ստանում են գերբարձր աշխատավարձ, պարգևավճարներ: Հետևապես՝ պետական մարմինը պետք է շահագրգիռ լինի իր կառույց լրագրողների հավատարմագրմամբ, եթե աշխատում է թափանցիկ, միտում չունի քողարկումների: Այս հիմքով է նաև աշխարհում ընդունված բացառել պետական մարմնի կողմից հավատարմագրման դադարեցումը, այլապես ցանկացած երկրում պետական մարմինը կարող է կամայաբար զրկել ԶԼՄ-ներին հանրային տեղեկատվություն հավաքագրելու հնարավորությունից: «Գործընթաց»-ն առաջարկեց քննարկման ավարտին գրավոր դիմել հեղինակներին շրջանառությունից հանելու նախագիծը:

Իրենց խոսքում ՀԿ-ների ղեկավարներն, այդ թվում՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վերահաստատեցին, որ առաջարկվող կարգավորումը որեւէ աղերս չունի միջազգային մոտեցումների հետ և որ ընդունված չէ պետական մարմնի կողմից հավատարմագրման դադարեցման պրակտիկա: Նրանք նշեցին, որ լրագրողի հավատարմագրումը նրա իրավունքն է՝ որոշելու, թե ո՞ր մարմնում է նպատակահարմար գտնում լրագրող ներկայացնելու: Նրանց դիտարկմամբ՝ ԱԺ-ն չպետք է իր այցելուներին դիտարկի՝ որպես հյուրեր, իսկ իրեն տիրոջ դեր վերապահի: Այս առումով ընդգծեցին, որ լրագրողներն ԱԺ-ի աշխատակիցները չեն և պետք է ի վերջո հասկանալ այս փաստը: Ներկաներն /ելույթների ամբողջական տեսանյութն՝ ըստ 168.am-ի/ ընդգծեցին, որ նախագիծը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին եւ հակասում է մեր երկրի վավերացրած միջազգային պարտավորություններին: Թագուհի Թովմասյանն առաջարկել է ստորագրահավաք կազմակերպել, դիմել հեղինակներին՝ խնդրելով հետ վերցնել նախագիծը, ինչպես նաեւ դիմել Կառավարությանը՝ բացասական եզրակացության խնդրանքով, քանի որ նախագիծը հիմնազուրկ է: 

«Գործընթաց» թերթ