ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
24.03.2022 14:55

     ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ   //   

Ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանական ահաբեկչության՝ ակնկալվում է ՄԱԿ-Ի արձագանքը

Հայաստանից Արցախ ձգվող գազամատակարարման խողովակաշարը, որը նոյեմբերի 9-ի հայտնի գործարքով անցել է Բաքվի վերահսկողությանը, դիտավորյալ անջատվել է՝ սկզբում պայթեցմամբ մարտի 7-ի լույս 8-ի գիշերն, իսկ վերականգնումից հետո փակվել Բաքվի կամայականությամբ: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Խնդրի առնչությամբ ԵՄ-ից միայն երեկ հնչեց կարճ հորդոր, այն էլ սոցցանցային կարճ գրառմամբ՝ ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոնի կողմից, որում նշված էր. «ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը: Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում»:

Այս անհասցե և անարդյունք կոչից հետո, այսօր ի հեճուկս ցրտաշունչ եղանակային պայմաններին՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանական ահաբեկչության՝ բողոքի ցույցեր են նախաձեռնվել Երևանում ՄԱԿ գրասենյակի դիմաց՝ ի սատարումն զուգահեռաբար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիաների: Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված են. «ՄԱԿ-ի անդամներն այցելել են օկուպացված, հայաթափված Շուշի, բայց գոնե մի անգամ չեն այցելել Ստեփանակերտ, որ տեսնեն՝ ինչ է կատարվում այստեղ։ Թող գան տեսնեն՝ ի՞նչ անմարդկային պայմաններում ենք ապրում։ Արցախցին պիտի վերածնվի, մենք պիտի ապրենք ու այս ամենը պիտի անենք միաբանվելով…Ադրբեջանցիները փորձում են ցեղասպանության նոր ծրագիր իրագործել։ Սա սոսկ հումանիտար աղետ չէ…Մենք չենք կարող լռել, եթե մենք լռենք, վաղը պատմության գրքերում արյունալի նոր էջեր են լինելու…»,- նշում են բողոքի մասնակիցներն՝ ակնկալելով ՄԱԿ-ի հրատապ արձագանքը ստեղծված իրավիճակին:

Արցախցիները պնդում են, որ իրենց իրավունքի տերն են և հիշեցնում, որ պատերազմի օրերին ու դրանից հետո որևէ միջազգային կառույցի կողմից որևէ աջակցություն չեն տեսել, բացի կրկնվող կոչերից, մինչդեռ Բաքվի հարուցած հումանիտար աղետը պահանջում էր հրատապ, գործուն քայլեր ձեռնարկել՝ բացառելով երկակի ստանդարտները: Դրա փոխարեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելելով Շուշի՝ նպաստում են Բաքվի տեռորիստական գործողություններին։ Այս համոզման է բողոքի ակցիայի մասնակից կովկասագետ Աշոտ Ծատրյանը՝ նշելով, որ խնդիրը միայն գազամատակարարումն անջատելու մեջ չէ, հստակ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այնպիսի քայլեր են անում, որ հասարակ հողագործները չկարողանան իրենց աշխատանքն իրականացնել, մի կտոր հացի գումար աշխատել։ Ադրբեջանի հիմնական նպատակը հայ էթնոսի ոչնչացումն է։ Ամեն ինչ անում են, որ հայերն Արցախը լքեն: Հավելենք, որ բողոքի ակցիան Երևանում շարունակվում է, ակցիան բազմամարդ է հատկապես Ստեփանակերտում:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում