ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՌԴ-Բաքու վերջերս կնքված գործարքը վկա՝ ԽՍՀՄ փլուզումը կոռուպցիայի արդյունք էր, առանց որի՝ Բաքուն չէր հասնի Արցախի բռնազավթման որոշումների
Մեջբերումներ՝ «Գործընթաց» թերթի 11.12.2021թ. թիվ 309 համարում տպագրված հոդվածից
Ունենալով սահմանների դելիմիտացիայի խնդիր Դոնբասի, Ղրիմի և այլ սահմանային հատվածներում՝ ՌԴ-ն մի կողմից շտապեցնում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան գոյություն չունեցող սուբյեկտի՝ ԽՍՀՄ-ի քարտեզներով, մյուս կողմից՝ ԽՍՀՄ-ի վերականգնման հույսեր փայփայում: Այս առումով հերթական քայլը 2021թ. դեկտեմբերի 1-ին շաբաթում ՌԴ պետական ալիքով ցուցադրված վավերագրական ֆիլմն էր՝ «30 տարի՝ առանց ԽՍՀՄ»-ի վերնագրով: Դրա պատրաստմանն աջակցել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինի աշխատակազմը, իսկ ֆիլմի հեղինակ-վարողը ոչ ավել, ոչ պակաս, ազգությամբ ադրբեջանուհի Ն. Ասկյար-զադեն էր՝ իր կերպարով մի վհուկ, որը 1 վայրկյանում ցանկացած դիտողի հակակրանքը կհարուցի Կրեմլի հանդեպ՝ հիշեցնելով ռուսական շատ ֆիլմերից հայտնի ,,Да ты ведьма!,, բնորոշումը: Նրան վհուկի ցախավելն էր պակասում՝ Կրեմլով մեկ գլխապտույտ շրջելու համար, բայց ՌԴ անվտանգության ծառայությունը, որի ղեկավար Նարիշկինը հայտնի է ադրբեջանցի գործարարների հետ մտերիմ կապերով, նրան թույլ էր տվել ոչ օդային, այլ ցամաքային շրջայց Կրեմլի բոլոր սրահներով, նախագահական ուղեկցող մեքենաներ ելումուտ-նկարահանումներով: Ներկա ու նախկին ղեկավարների հետ հարցազրույցներում աչք էր զարնում Ասկյար-զադեի ջակի-ջուկի սանրվածքն՝ առավել համադրելի դաջվածքների հետ: Դատելով հաղորդավարից, կարելի է վստահ ասել, որ Կրեմլը թողարկել էր քաղաքական, հոգեբանական թրիլլեր՝ «30 տարի՝ առանց ԽՍՀՄ» վերտառությամբ: Պատճառն էլ պարզ է. ԽՍՀՄ փլուզումից տարածքային կորուստներ են ունեցել թե՛ ՌԴ-ն և թե՛ Ադրբեջանը, որի համար ԽՍՀՄ-ը գործիք է եղել՝ իր տարածքներն ընդլայնելու համար: Հիմա ՌԴ-ին փոխարինել է Թուրքիան, հետևապես՝ Ասկյար-զադեն ֆիլմում պահը բաց չի թողել մուննաթ գալու, թե ԽՍՀՄ-ը չօգնեց Ադրբեջանին զավթել Արցախը:
Եթե համառոտ ներկայացնենք, փորձ է արվել՝ պարզելու, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում փլուզվեց ԽՍՀՄ-ը: Մեղադրանքների հիմնական սլաքն ուղղված է Բորիս Ելցինին, որի մասնակցությամբ, 1991 թ. դեկտեմբերի 8-ին, Բելովեժսկում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացի դադարեց գոյություն ունենալ՝ որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ: Բելովեժյան համաձայնությանը հաջորդեցին մյուս երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և այլ երկրների անկախացման որոշումները: Ելցինը ֆիլմում ներկայացվում է՝ որպես դավաճան, մինչդեռ ինչպես գիտենք, նրա կողմից է Պուտինը հանկարծահայտ առաջ քաշվել՝ որպես նախագահ…:
Ֆիլմի ամփոփիչ մասում Նազարբաևը ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների թվում հիշատակում է ազգային հողի վրա ծագած կոնֆլիկտները: Եվ ի թիվս դրանց՝ ֆիլմը վարող ադրբեջանուհի Ասկյար-զադեն ցուցադրում է Ադրբեջանը բողոքի ցույցերով և ստում, թե ԽՍՀՄ-ը քայլ անգամ չձեռնարկեց միջամտելու կոնֆլիկտներին: Մինչդեռ բոլորին է հայտնի և բազմաթիվ փաստերով ապացուցված, թե ինչպես էին ԽՍՀՄ-ի օմոնականներն ադրբեջանցիների հետ համատեղ կռվում ընդդեմ հայերի՝ թույլ տալով Բաքվի, Սումգայիթի ջարդերը, ապա բռնի տեղահանում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ հայերին: Ի պատասխան ծավալված Ազատամարտում հայ ժողովուրդը միայնակ նվաճեց հաղթանակ՝ 1994թ. դրությամբ ազատագրելով տարածքները, որոնք պատկանում էին ԼՂ-ին ԽՍՀՄ կազմավորման հենց 1-ին տասնամյակում: Հենց Գորբաչովի վարած անհեռատես, անարդար քայլերի արդյունքում 1988-89թթ.-ից ԽՍՀՄ տարածքում սկիզբ առած շարժումների արդյունքում փլուզվեց ԽՍՀՄ-ը, որից հետո, երբ ՌԴ նախագահն էր Բ. Ելցինը, Հայաստանն իր ուժերը կենտրոնացնելով՝ հաղթեց թշնամուն:
Ահա թե ինչու՞ է ֆիլմի հաղորդավար Ասկյար-զադեն «կաղկանձում»՝ մի կողմից արատավորելով Ելցինին, մյուս կողմից՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին, թե իբր չի օգնել Ադրբեջանին զավթելու հայապատկան հողերը: Ի տարբերություն Ելցինի, Պուտինն այնպիսի ներդրում ունեցավ 2020թ. պատերազմում, որ Էրդողանը խոստովանեց, որ առանց ՌԴ-ի չէին հաղթի Արցախյան պատերազմը: ՌԴ-ի այս կոպտագույն սխալին ի պատասխան՝ այժմ Արևմուտքը նրա դեմ պրոյեկտել է նույն վիճակը՝ կապված Դոնբասի հետ: Թուրքիան էլ առաջարկում է միջնորդ դառնալ՝ փորձելով կրկնօրինակել ՌԴ-ին: Գիտակցելով, որ Արցախը Թուրքիայի համար ավելի կարևոր է, ՌԴ-ն խթանում է Էրդողանի առաջարկով 3+2 ձևաչափով հանդիպումները: Դրանցով փորձ է արվում նաև հակադրվել արևմտյան տնտեսական պատժամիջոցներին:
…Մեծագույն սխալ է Պուտինի կողմից հավասար դիտարկել հայերի ու ադրբեջանցիների ներուժը: Միայն բավարար է նշել, որ 2-րդ աշխարհամարտը ԽՍՀՄ-ը կպարտվեր, եթե շնորհիվ հայ գործակալի չփրկվեր Ստալինը: Օրինակները շատ են. Պուտինի կառավարման սկզբնաշրջանում մի ահաբեկչության ժամանակ հայազգի Ի. Կոբզոնը միջամտեց՝ հանգուցալուծելու խնդիրը…: Ժամանակն է, որ ՌԴ-ում գիտակցեն, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է կոռուպցիայի արդյունքում, առանց որի՝ Բաքուն չէր կարող հասնել ցանկալի որոշումների՝ լինեն դրանք իրավական, թե քաղաքական:
- Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի 11.12.2021թ. թիվ 309 համարում
- Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան
Հ. Գ. Վերոնշյալ հոդվածից և մի շարք այլ փաստերից, այդ թվում՝ Պուտին-Ալիև դեռևս 2021թ. տարեվերջյան հանդիպումների ժամանակ հնչած այն ակնարկներից, թե Ադրբեջանը ՌԴ-ի դաշնակիցն է, կանխատեսելի էր ՌԴ-Բաքու վերջերս կնքված դաշնակցային գրավոր գործարքը, վկա այն փաստի, որ ԽՍՀՄ վարչախմբի սխալ որոշումները նոր ժամանակներում շարունակում է Պուտինը՝ ԽՍՀՄ վերականգնման գերնպատակի համար ընդհուպ գործարք կնքելով իր դաշնակցի թշնամու հետ: