ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
ՎԱՆԿԱՐԿՈՒՄ ԵՆ «ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ»
Այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, մեկնարկած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին զուգահեռ շարունակվում են բազմամարդ բողոքի ակցիաներն՝ ընդդեմ Հայաստան ժամանած Ադրբեջանի պատվիրակության, որի կազմում են պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Ի թիվս այլ պատվիրակությունների, նրանց հյուրընկալած Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց երեկ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որից առաջ էլ քաղաքացիները, նրանց թվում՝ ազատամարտիկներ, փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:
ՀՀ վարչախումբն՝ ի դեմս Փաշինյանի արհամարհելով հանրային բողոքն, ուժայինների ներգրավմամբ,
շարունակում է թշնամու երկրից ժամանածներին պատվել, ընթրիք տալ, եվրոպացի հյուրերի հանդեպ համազոր վերաբերմունքով: Ըստ մամուլում առկա տվյալների՝ երեկ Եվրանեսթի պատվիրակության անդամների, այդ թվում՝ տեռորիստական պատերազմով Արցախը բռնազավթած ու այնտեղ մշակութային սպանդ իրականացնող ազերի պատգամավորների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երեւան գետափին» կոչվող ռեստորանում, որը գտնվում է Հրազդանի կիրճում: Ուշագրավ է, որ այս ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի 5-րդ նախագիծն է, որը բացվել է 2018 թվականի հունիսի 2-ին, այսինքն՝ Փաշինյանի օրոք:
Այսօր արդեն Հայաստան ժամանած Ադրբեջանի պատվիրակության և նրանց հանդեպ ՀՀ վարչախմբի վերաբերմունքի դեմ բողոքի զանգվածային ակցիան «Համալիրի» մոտ է հավաքել մեծաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, ռազմագերիների, անհետ կորածների, զոհված զինծառայողների ծնողների, արցախահայերի։ Պարբերաբար հնչեցնելով «Առանց թուրքի Հայաստան, առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ, բողոքի ակցիայի մասնակիցներից որոշները փորձել են մտնել համալիր: Իրավիճակը լարվել է, քաշքշուկ է սկսվել ոստիկանների և բողոքի ակցիան իրականացնողների միջև։ «Ոստիկաններին դրանք Շուշիում կոտորեցին, իսկ հիմա դուք եկել դրանց մեզնից պաշտպանու՞մ եք, ամոթ է, ամոթ։ Սա ձեր հայրենիքն էլ է, ձեր թոռների հայրենիքն էլ է, կանգնեք անհապաղ ժողովրդի կողքը, նորից եմ ասում՝ ամոթ է»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մի կին։ Համալիրի մոտ հավաքված ժողովուրդը հորդորում է ոստիկաններին միանալ իրենց։
Նշենք, որ Եվրանեսթ ԽՎ իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորող ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ադրբեջանամետ հայացքներով Մարիա Կարապետյանի հասցեին հնչեցվել են ճշմարտություններ, որոնք լիովին դիմազերծում են նրան: Դեռ երեկ Արմեն Աշոտյանն էր հիշեցրել նրա պարը Նովրուզի տոնին ազերիների հետ /տեսանյութը համացանցում է/: Այսօր արդեն նրան քաղաքացիները դիմում էին «Ադրբեջանի Նովրուզին պորտապար պարող տիկին»: Թշնամու առջև սողացող իշխանության դեմ զոհված զինծառայողներից մեկի ծնողն՝ իր վրդովվմունքն է հայտնել՝ դիմելով. «Նիկոլ, գետինը մտնես դու»։ «Իմ որդին չի զոհվել, որ նրանք գան Երևանի կենտրոնում սուրճ խմեն»,- հավելել է մեկ այլ զոհված զինծառայողի մայրը։
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում