ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԵՎՐԱՆԵՍԹ»-ՈՒՄ 3 ԵՐԿՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՍՈՒԼԻՍ ԿՏԱ 1 ՔՊ-ԱԿԱՆ
19.02.2022 22:38

     ԵՎՐԱՆԵՍԹ   //  ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  

ՀՀ ԱԺ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՎՐԱՆԵՍԹ»-Ը ՓԱԿ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ, ԲԱՑ՝ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ 

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ-ն՝ նշելով, որ «նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան»: Նշվում է նաև, որ հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ նիստերը հեռարձակվելու են առցանց: 

ՀՀ ԱԺ-ն այնուհետ հայտնում է, թե փետրվարի 22-ին՝ ժամը 10:30-ին, մարզահամերգային համալիրի նախասրահում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը: Հիմք ընդունելով մինչ այս նրա տարածած ադրբեջանահաճո տեսակետները, կանխատեսելի է, որ կհնչեցվեն հերթական ձանձրալի, հանրային հետաքրքրություն չներկայացնող, թշնամուն վերբալ գոհացնող, հայ ժողովրդի շրջանում վրդովվմունք հարուցող «տեքստեր»: Միակն, ինչ կարող էր «Եվրանեսթ»-ից հետաքրքրել հայ ժողովրդին, Երևան եկող ազերի պատգամավորներին տալիք օբյեկտիվ, սուր, հանրությանը հուզող հարցերն էին, ինչից ՀՀ ԱԺ-ն զրկել է հավատարմագրված լրագրողներին: Մինչդեռ մի քանի երկրի մասնակցությամբ միջոցառմանը միջազգայնորեն ընդունված կանոններով, արարողակարգով՝ պահանջվում է, որ այդ երկրների պատվիրակները, տվյալ դեպքում նաև Ադրբեջանի չխորշեն պատասխանել այն երկրի լրագրողների հարցերին, ուր ժամանել են: Սա երկրի հանդեպ տարրական հարգանքի հրամայականն է: ՀՀ ԱԺ-ն, սակայն, նախընտրել է փափուկ պայմաններ ապահովել թշնամական երկրի պատգամավորների  համար, իսկ հայ լրագրողներին արգելել, խոչընդոտել իր իսկ երկրում համալիրի նախասրահից առաջանալը:  

Այս առումով ուշագրավ է, որ համալիրի նախասրահում տեղի ունենալիք հանրային հետաքրքրություն չներկայացնող ՔՊ-ականի ճեպազրույցին լրագրողների մասնակցության համար, անբավարար համարելով միայն ԱԺ հավատարմագրով մասնակցելը, որոշել են՝ լրագրողներին բաժանել հատուկ անցագրեր, ըստ երևույթին նրանց տեղաշարժն ամենուր, այդ թվում՝ մինչ համալիր հասնելը հսկելու համար: Ի դեպ, այդ անցագրերը փետրվարի 21-ին սկսվող «Եվրանեսթ»-ի համար լրագրողները պետք է ստանային մինչեւ փետրվարի 18-ը՝ ժամը 17:00-ն, միջոցառումից 3 օր առաջ: 

Առերևույթ տարօրինակ է և մեղմ ասած ոչ գրագետ այն, որ մի շարք երկրների մասնակցությամբ կայացող «Եվրանեսթ»-ին մասնակցող Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններից ոչ մեկը ներկա չի լինելու համալիրի նախասրահում կայանալիք երկօրյա միջոցառման միակ լուսաբանվող փուլին՝ ասուլիսին, և այն տալու է միայն 1 ՔՊ-ական պատգամավոր՝ Մարիա Կարապետյանը, որը ստացվում է, լրագրողների առջև ներկայանալու է՝ իբրև հավաքական անձ՝ և՛ Ադրբեջանը, և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը, և՛ ԵԽ-ն ներկայացնող, բնական է, լրագրողներն այդ երկրներին վերաբերվող հարցերն ուղղելու են միակ ասուլիս տվողին, քանի որ ՀՀ ԱԺ-ն՝ որպես միջոցառման կազմակերպիչ, դրա ֆինանսատնտեսական, անվտանգային և այլ հարցեր համակարգող, առնվազն 4 երկրի պատվիրակների փոխարեն լրագրողներին է «մատուցել» 1 ՔՊ-ական  պատգամավորի:

Նշված փաստերը թույլ են տալիս արձանագրել, որ ա/ «Եվրանեսթ»-ը Հայաստանում անմիջական լուսաբանման համար փակ է, բ/ թշնամին ազատ է տեղաշարժվել համալիրում, իսկ անկախ ԶԼՄ-ի լրագրողն, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող, համալիրի նախասրահից առաջ չի կարող գնալ: Տարակուսելի է, որ ըստ ՀՀ ԱԺ վերադասի՝ 2020թ-ին  Արցախում տեռորիստական պատերազմ մղած, այնուհետ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած  թշնամուց վտանգ չկա, հայ լրագրողն է վտանգավոր:

«Գործընթաց» թերթ