ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆԸ՝ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԻՑ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տված մամլո ասուլիսում խոր մտահոգություն է հայտնել երկրի անվտանգային հարցերի շուրջ՝ կարևորելով բանակի սպառազինության վերականգնումը։ Նա հավելել է, որ ներկայիս իշխանության պայմաններում արդյունավետ բանակցություն՝ հօգուտ Հայաստանի ակնկալելն անիմաստ է թե՛ Արցախի հետ կապված, թե՛ Թուրքիայի հետ հարաբերություններում: Ասուլիսում Ռ. Քոչարյանի խոսքն ամփոփիչ կետերով ներկայացնում ենք ստորև.
- ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասի առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, միամտություն կլիներ մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել ՀՀ-ի վրա հարձակմանը։
- Մինչ օրս պատասխան չկա, թե ինչո՞ւ էր Վրաստանի և Իրանի օդային տարածքը փակ ռազմական բեռնափոխադրումների համար։
- Շուշիի հռչակագիրը խոսում է այն մասին, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են մեկնարկել՝ ոչ մեր օգտին։
- Ստամբուլյան փաստաթուղթը, որը ես ստորագրել եմ, մեր դիվանագիտական լուրջ հաղթանակն է եղել․ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այնտեղ ոչինչ չկա։
- Ըստ էության ՀՀ-ն հիմա Թուրքիայի հետ բանակցում է Ադրբեջանի ձևավորած օրակարգով։ Սա ճիշտ ճանապարհ չէ։
- Սահմանը բացելուց և երկաթուղին գործարկելուց առաջ պետք է սեփական շուկան պաշտպանելու առնվազն 3-5 տարվա ծրագիր ունենալ։
- Եթե չպարտվեինք այս պատերազմում, գոնե 10 օր չնահանջեինք, պատերազմը կկանգներ, իսկապես Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը սկսելու հնարավորություն կստեղծվեր։
- Արցախը չպետք է ապրի օրվա հարցով, պետք է ասի, որ հեռանկար է ուզում տեսնի և պետք է համարձակ լինի Հայաստանի առջև խնդիրներ դնելու առումով։
- Չեմ բացառում, որ զանգվածային ակտիվ գործողությունների ժամանակ մեր խմբակցության կողմից մանդատները վայր դնելու հարց առաջանա։
- Իշխանությունն այնքան անլուրջ է վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, որ կարծում եմ այդ գործընթացը չի կայանա։
- Այս իշխանությունն ամեն օր 2,8 մլն դոլարով ավելացնում է երկրի պետական պարտքը։
- Ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է ասել «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ ոչ մեկ չի լինելու», որովհետև պետական մտածելակերպ ունեցողն այդպես չի ասում։
- Այս իշխանությունն առանց փողոցի չի գնալու, և այդ փողոցը պետք է լինի ոչ թե որևէ անձի, այլ՝ իշխանությանը հեռացնելու մասին․ դեռ պետք է հասունացնել այդ պահը։
- Եթե մենք ուզում ենք անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, լավագույն տարբերակն այս պահին կլիներ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ սրբազան․ կլիներ և՛ մարդ, և՛ ինստիտուտ։
- Մոտ օրերս օրենսդրական նախաձեռնություն կներկայացնենք, թե ինչ ձևաչափով ենք տեսնում 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։
- Ամենավատն այն է, երբ մարդիկ չեն ունենում կարմիր գծեր և իշխանության գալու համար թքած ունեն ամեն ինչի վրա։