ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ // ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ ՔՊ ՎԵՐԱԴԱՍԻՆ ՎԵՐԲԱԼ ԳՈՀԱՑՆՈՂ ՈՒ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՀՌՀՌԱՑՈՂ ,,ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ,, ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՐՊԱՆԻՑ
Հունվարի 28-ին հայտնի դարձավ մի տեսանյութ, որում Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը Եռաբլուրում կանգնած քահ-քահ ծիծաղում էր: Տեսախցիկի օբյեկտիվում նրա անզուսպ, չդադարող ծիծաղը պարբերաբար ,,փակում,, էր Փաշինյանի աներձագ Հրաչը: Ավելի ուշ, երբ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիայով հավաքվեցին պատերազմի մասնակիցների հարազատներ, Լուսինե Բադալյանն, առավել հայտնի՝ որպես Լուլու, շտապեց հայտնել, թե ցավում է կատարվածի համար: ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիների պահանջն էր, որ նրա վարքը քննվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում և պատժվի ցանկացած անձ, որը կհանդգնի Եռաբլուրում նման պահվածք ցուցաբերել: Հարց է ծագում, արդյո՞ք էթիկայի դասերի համար ուշ չէ մի պատգամավորի համար, որը Եռաբլուրում զոհված երիտասարդների հասակի որդիներ ունի: Տվյալ իրավիճակում ողջամիտ կլիներ մանդատը վայր դնելը:
Ու նա միակը չէ, ով պարտավոր է դա անել, ԲՀԿ-ից ՔՊ ճամբար անցած պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս ապացուցել է, որ չունի ԱԺ-ում այլ անելիք, քան իր նոր կուսակցապետին հաճո ելույթներ ունենալը, անելիք, որը լիովին տեղավորվում է իր իսկ կողմից վերջերս շրջանառության դրված ,,վերբալ մարմնավաճառ,, բնորոշման մեջ: Կաշկանդված լինելով ԱԺ ամբիոնից խոսել իր իսկ օրինակով բարձրաստիճան պաշտոնյաների գերճարպակալման երևույթի ու դրա բացասական հետևանքների մասին, ինչն օրեցօր աղքատացող երկրում ամոթալի է, Վահագն Ալեքսանյանը ճարպ չի խնայում ԱԺ ամբիոնից փաշինյանահաճո ելույթների համար՝ ընդհուպ այլոց վերագրելով ,,վերբալ մարմնավաճառի,, դեր:
Բացի այն, որ սույն բառամթերքը հարիր չէ օգտագործել ԱԺ ամբոնից, այն կարող է հասկացվել նաև՝ որպես ինքնաբնորոշում թե՛ Ալեքսանյանի, թե՛ նրա կուսակցապետի մասով: Չէ՞ որ Փաշինյանն ինքնին իր հայտնի ադրբեջանահաճո թեզերով վերբալ /խոսքային/ առումով գոհացնում է Ալիև-Էրդողան զույգին, փոխարենը տհաճություն պատճառում հայ մտավորականներին, ժողովրդին: ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ,,ճարպոտ,, ելույթներով վերբալ գոհացնում է Փաշինյանին, աջակցում նրա աներձագին, որն իր հայհոյախոսությունների հաշվին, կարծես, հավակնում է ,,Ծերեթելիի Հրաչ,, կերպարին: Նրա ընկերը լինելով՝ Վահագն Ալեքսանյանը գիշերային ակումբի բառամթերքը՝ ,,մարմնավաճառ,, եզրույթով տեղափոխեց ԱԺ ամբիոն, ինչը հոգեբանները կբնորոշեին՝ որպես սեռական խնդիրների նշան: Ավելին, ,,վերբալ մարմնավաճառ,, բնորոշումը կորակեին՝ որպես Վահագն Ալեքսանյանի պաշտպանական ռեակցիա, որով նա իր դերակատարումը փորձել է վերագրել այլոց, անգամ կարևոր չէ, թե ում:
Դատելով Ալեքսանյանի բառամթերքից նրան երկար պետք է բացատրել, որ ԱԺ ամբիոնը հանրային խնդիրների բարձրաձայնման համար է, իսկ մարմնավաճառների դասակարգման շուրջ կարող են խոսել իրենց հայտնի ակումբներում: Ալեքսանյանի համար էթիկայի դասերը ևս ուշացած են, ինչպես Լուլուի համար, ուստի նա ևս պետք է մանդատը վայր դնի: Նույն կարգավիճակում է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Խոսք ու պահվածք չգիտակցող ,,պատգամավորները,, անիմաստ ծախս են ժողովրդի գրպանից:
Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի 31.01.2022թ. հրապարակված համարում: