ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
Դոնբասի շուրջ սրված ռազմաքաղաքական իրավիճակում ամփոփիչ հանդիպումներն են տեղի ունենում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնբասի շուրջ սրված ռազմաքաղաքական իրավիճակում ամփոփիչ ուղերձներն է փոխանցում տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներում: Բեռլինում նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Համատեղ ասուլիսում Մակրոնն ասել է, որ ամեն ինչ պետք է անել Եվրոպական մայրցամաքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։ Դիվանագիտական վերջին շփումներում՝ Մակրոնի գլխավոր ուղերձն է՝ պատերազմից խուսափելը։ «Երկրորդ՝ պետք է համախմբվենք և մշտապես պաշտպանենք եվրոպացիների և դաշնակիցների (ՆԱՏՕ) միասնությունը, երրորդ՝ պետք է պաշտպանել Եվրամիությունում վերջին 30 տարիներին ձևավորված սկզբունքները, մասնավորապես հարգել յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մեր ԵՄ խարտիայով սահմանված սկզբունքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ նա Ուկրաինա այցին հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, իսկ մեկ օր առաջ Մոսկվայում բանակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շոշափել էր նաև Արցախի թեման, կարևորել ռուսական խաղաղարար ուժերի ներկայությունը, Մինսկի խմբի դերը կոնֆլիկտի կարգավորման գործընթացում։ Հավելենք, որ Ֆրանսիայի և ԵՄ միջնորդությամբ օրերս Բաքվից Հայաստան են վերադարձել ևս 8 ռազմագերի:
,,Գործընթաց,, թերթ