ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վ. Խաչատուրյանի կուսակցական լինել-չլինելը կախված էր նախագահի աթոռ ստանալ-չստանալու նախապայմանից
Այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է կորոնամեկուսացումից բոլորովին վերջերս դուրս եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգին անցնելը, վերջինս անդրադարձել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրմանը:
Նշենք, որ հրաժարական տված ՀՀ նախագահի փոխարեն՝ ՔՊ-ն Հանրապետության նախագահի թեկնածու է որոշել առաջադրել լևոնական Վահագն Խաչատուրյանին, որը պետք է անկուսակցական լիներ՝ ըստ Սահմանադրության պահանջի: Մինչդեռ Փաշինյանը հենց կառավարության նիստում հայտնել է, որ Խաչատուրյանն առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից: Այս հաստատումը տրամաբանորեն ենթադրում է առնվազն մի քանի օրվա աշխատանք: Այս ընթացքում Խաչատուրյանը եղել է կուսակցական, և միայն այսօր է հայտնի դարձել, որ նա ընդամենը երեկ՝ փետրվարի 2-ին է դիմել ՀԱԿ-ին՝ նրա կազմում իր անդամությունը դադարեցնելու պահանջով: Այսինքն՝ սպասել է այնքան մինչև 65 պատգամավոր կտան իրենց հաստատումը, հետո որոշել դուրս գալ կուսակցական կարգավիճակից: Սահմանադրությունը, սակայն, պահանջ սահմանելով, որ նախագահը լինի անկուսակցական, ելնում է այն սկզբունքից, որ նախագահը պետք է քաղաքականապես չեզոք լինի, ծառայի ոչ թե կուսակցական խմբակի, այլ հավասարապես բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին: Տվյալ դեպքում ստացվում է, որ Խաչատուրյանն այն անձն է, որի կուսակցական լինել-չլինելը կախված էր նախագահի աթոռ ստանալ-չստանալու նախապայմանից, ինչը բացառում է երբևէ նման անձի չեզոք լինելն, առավել ևս քաղաքական առումով:
Առկա փաստերը ցույց են տալիս որ Վ. Խաչատուրյանն անգամ այս ընթացքում է շարունակելու ծառայել իշխող վարչախմբին՝ շարունակելով մնալ կառավարական կաբինետի անդամ: Այս առումով Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Այս պահին չեմ շնորհավորում. երևի պատեհ չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի Ձեր դերակատարումը լիարժեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում»: Փաշինյանի այս խոսքից բխում է, որ Խաչատուրյան նախագահացուն անգամ այս մի քանի շաբաթն է ափսոսում մնալ առանց նախարարի պաշտոն, անընդունակ է մեկ այլ գործ անելու՝ մինչ իրեն կընտրեն քաղաքական չեզոքություն պահանջող պաշտոնի: Հիշեցնենք, նախարարն ի պաշտոնե քաղաքական կոնկրետ թիմի անդամ է:
Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում