ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ղազախստանը ,,ներքաղաքական կրակից,, փրկելու համար ՀԱՊԿ ուժերը տեղ են հասել
08.01.2022 21:34

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ՀՀ-ում ծավալվում է բողոք. Փաշինյանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, նրա միջոցով վերացնելու ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Բաքվի կողմից

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի 100 զինծառայողների տեղափոխումը Ղազախստան: Ըստ ՌԴ ՊՆ հաղորդման՝ նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով: Ինչպես հայտնի է, Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի զանգվածային հակակառավարական ակցիաներ, որոնք նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորամանկորեն բնորոշել էր՝ իբրև ահաբեկչական գործողություններ և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Եվ քանի որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների ամենաթույլ տեղն իրենց աթոռազրկումն է, առավել արագ էին արձագանքել, քան կլիներ արտաքին ռազմական ցանկացած հարձակման ժամանակ, ՀՀ-ի օրինակը վկա:

Արդեն իսկ ներհայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում բազմաթիվ գործիչներ դատապարտել են Փաշինյանի գործուն ջանքերը՝ միջամտելու այլ երկրի՝ Ղազախստանի ներքին գործերին: 21 ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել, տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ շարունակում են դատապարտող կոչեր ու քննադատական գնահատականներ հնչեցնել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը կարևոր է համարել ընդգծել, որ «2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ: Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանն ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները» առաջացել է փաստացի նոր հանգամանք: Հետևաբար հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքն ունի բացառիկ հանրային պահանջ»:

,,Գործընթաց,, թերթ