ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ն ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներով լեցուն 2021թ. ամփոփել է տոնական ընդունելությամբ
29.12.2021 18:12

    ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ     Պաշտոնական հրավերին «Գործընթաց»-ի լրագրողները չեն մասնակցել

Ազգային ժողովում 2021թ. միջադեպերն ամփոփվեցին վերջերս միջանցքի աթոռները հավաքելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով՝ իբրև պատիժ լրագրողներին, թեպետ այդ աթոռներին առավել հաճախ նստում են անվտանգության աշխատողներ և այլ անձինք: Եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախագիծ է շրջանառում, պարզ է, թե ինչու՞ էր Ալենն իր կաբինետի աթոռից զատ, կարիք ունեցել լրագրողական «աթոռների» տեղաշարժելով դրանք: Միայն երեկոյան համոզվելով, որ ԱԺ-ն իր տունը չէ, միջանցքի աթոռներն էլ պետական գույք են, վերադարձրել է դրանք իրենց տեղը: Ասում է, թե ակնկալում է հարգանք, լրագրողի ճիշտ նստելադիրք, մինչդեռ իր ընդունած որոշումներն ընդդեմ ԶԼՄ-ների՝ հուշում են, որ հարգելն իրավունք է, ոչ թե պարտավորություն: Հարգանքն աթոռի ու պաշտոնի հետ չի տրվում, այն պետք է վաստակել:

Աթոռի հետ կապված միջադեպից հետո անսպասելի էր հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության հրավերը՝ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում միջոցառմամբ: Պաշտոնական հրավերին «Գործընթաց»-ի լրագրողները չեն մասնակցել, քանզի հիմք ընդունելով հատկապես՝ Ա. Սիմոնյանի նախագահության օրոք ԱԺ-ի աղմկահարույց որոշումներն ու միջադեպերը, գտնում ենք, որ կա խնդիր. նախ՝ վերականգնել օրենսդիր մարմնի համբավն ու կոչումը, ժողովրդավարական պարտավորություններն, այդ թվում՝ օրենքներ ընդունելիս հանրային տարբեր շերտերի վրա դրանց ազդեցության օբյեկտիվ գնահատմամբ և այլն: ԱԺ աշխատանքային մթնոլորտը խաթարվել է իշխանություն-ընդդիմություն ծեծկռտուք-հայհոյանքներով զուգորդված միջադեպերով և ԶԼՄ-ների դեմ կիրառված տեղաշարժի և այլ սահմանափակումներով: Կոնկրետ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: 

ԱԺ-ում հանրօգուտ օրենքներ ընդունելու գործում քաղաքական ուժերը կաշկանդված են կուսակցական շահերով, ինչը խոչընդոտում է ողջամիտ առաջարկների ընկալմանն ու օրենքների նախագծերի թերությունների շտկմանը: ԶԼՄ-ներին առնչվող մի շարք նախագծերի հետ կապված «Գործընթաց»-ի առաջարկների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ, թեպետ լիարժեք հիմնավորված էր: Ներկայացված առաջարկները պետք է նայել, համեմատել ու ընտրել անկողմնակալության սկզբունքով, ըստ լավագույնի, ոչ թե ընտրել սոսկ այն, ինչը կուսակցությունն է կազմել: Այս առումով մինչ օրս կաշկանդված են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ապացույցն ունենք: 

ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ որոշող պաշտոնյաներն էլ ունեն կամ իրենց, կամ մերձավորներին պատկանող լրատվականներ, որոնք մրցունակ չեն՝ ի հեճուկս «դոպինգ» միջոցների: Արդյունքում լրատվադաշտում առկա են շահերի  բախման երևույթներ, որոնք չեն քննվում: Այս առումով դեռ 2018թ.-ին Փաշինյանը պետք է հրաժարվեր իր ընտանիքի հետ կապված քարոզչամիջոցից, Ալեն Սիմոնյանի ու նրա մերձավորների հետ կապված լրատվականների փաստն էլ նրան իրավունք չէր տալիս ԶԼՄ-ների դեմ սահմանափակող որոշումներ ընդունել: Դրանք բոլորը ենթակա են չեղարկման: Կախյալ ու կառավարելի լրատվականներով որևէ երկրում ժողովրդավարություն չի կայանում, դրա կարևոր նախապայմանն անկախ մամուլն է, որը կա, այդ թվում՝ ի հաշիվ «Գործընթաց»-ի, որի ընթերցողների թիվը 2021թ.-ին աճել է՝ գերազանցելով 2020թ. արդյունքը, ինչի համար խորին շնորհակալություն մեր բոլոր ընթերցողներին: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի դեկտեմբերի 27-ի թիվ 311 համարում