ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոյեմբերի 14-ին թշնամու հերթական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք
15.11.2021 18:34

     ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ     

Վարչապետը ՊՆ նախարար է փոխել, ՀՀ ԱԽ-ն՝ օրինական ընթացակարգից դուրս բնորոշումներ արել

ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշել է. <<Նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ>>: Ապա հերքել է լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել: Նշվում է, թե Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն: ԱԽ-ն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: 

Այնուհետ ԱԽ-ն իր հայտարարության մեջ անցում է կատարել Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ համարելով դուրս գալ ընդունված ընթացակարգերից և  առանց սահմանազատման, սահմանագծման գործընթացի ու դրա արդյունքում ընդունելիք ակտի՝ անորոշ հղում անելով ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին, նշել, թե իբր դրանք Հայաստանի տարածքում չեն գտնվում: Մինչդեռ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին գործող օրենքի համաձայն՝ նշյալ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում: Դրանք ադրբեջանական համարելը պետական դավաճանություն է: Դա նաև անպատասխանատու սադրանք է՝ ընդդեմ նշյալ ճանապարհներին գտնվող հայկական գյուղերի ու բնակավայրերի բնակչության: ԱԽ-ն՝ իր ողջ կազմով պատասխանատվություն է կրում իր տարածած հայտարարությամբ նշյալ բնակավայրերում տեղի ունեցած կամ ունենալիք բոլոր տեսակի վնասների համար: Հետևապես՝ հրատապ քրեական գործ պետք է հարուցվի՝ պարզելու նման հայտարարությունների կազմման պատասխանատուներին:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակում ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնող Փաշինյանը կատարել է ՊՆ նախարարի փոփոխություն՝ Արշակ Կարապետյանի փոխարեն առաջարկելով նախագահին, որ նշանակի այդ պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, որն այդ համակարգում երբևէ չի աշխատել:

<<ԳՈՐԾԸՆԹԱՑ>> ԹԵՐԹ