ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեղեկատվության ազատությունը հետևողականորեն խախտել են ՊՆ-ն, Երևանի քաղաքապետարանը
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի անց էր կացվում 19-րդ անգամ, բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի են արժանացել հետևյալ կառույցները․
- «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ է ստացել ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
- «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։
Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։ Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ եւ բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։ ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։