ՔԱՂԱՔԱԿԱՆ
C-400-ի գործարքով խաբված ՌԴ-ն Ղրիմ-Դոնբասի կոնֆլիկտը փորձում է սառեցնել՝ թույլ տալով Արցախի հարցում կեղծիք
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդիպելով միջազգային տեռորիզմ ֆինանսավորողի համբավ ունեցող, ցեղասպանագործ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, անդրադառնալով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ ներխուժած Թուրքիայի դերին՝ տարածել է ՀՀ դաշնակցին ոչ վայել, ակնհայտ պաշտոնեական կեղծիք, թե Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմի այսպես կոչված <<վերահսկման>> ռուս-թուրքական կենտրոնը կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերում: Նշենք, որ մինչ այս հանդիպումն Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել էր, որ չի ճանաչում Ղրիմում ՌԴ պետդումայի ընտրությունը՝ փորձելով մոլորեցնել Կոնգրեսին և խափանել հայանպաստ օրինագծերի ընդունումն, ինչը չհաջողվեց նրան: Խաբել Բայդենին Էրդողանը չհաջողեց, բայց ինչպես երևում է, նրան հեշտ է հաջողվել խաբել Պուտինին C-400-ի գործարքով, որից Թուրքիայի չհրաժարվելը Պուտինը գնահատել է՝ որպես գնահատանքի արժանի քայլ, մինչդեռ հայտնի չէ, թե ՌԴ-ից ՆԱՏՕ-յական Թուրքիայի գնած այդ զենքը նա ի՞նչ նպատակի է ուղղելու:
Վերջին տարում Ղրիմի, Դոնբասի կոնֆլիկտների սրման պատճառները վերլուծելու դեպքում Պուտինը կխուսափեր սխալների կրկնությունից Արցախին վերաբերվող հարցերում, սակայն, սխալների շարունակական դրսևորումը թույլ է տալիս կարծել, որ նա հայտնվել է մի իրավիճակում, երբ պահի որոշումներ է կայացնում: Այս առումով նրան օգտակար կլիներ հիշել, որ մինչ 2020թ. Արցախյան պատերազմը, Թուրքիան գրեթե չէր խոսում Ղրիմի մասին: Պուտինի թույլ տված այն սխալը, որով Արցախը համարել էր Ադրբեջանի մաս, դեստրուկտիվ դեր խաղաց Արցախյան պատերազմում՝ որպես հետևանք նաև վերարթնացնելով Ղրիմի, Դոնբասի և այլ կոնֆլիկտներ՝ ի վնաս ՌԴ-ի: Ղրիմ-Դոնբասի կոնֆլիկտը փորձելով սառեցնել՝ ՌԴ-ն թույլ է տալիս Արցախի հարցում կեղծիք, թե իբր ռուս-թուրքական կենտրոնը հաշտեցմանն է ծառայում, իրականում հրադադարի խախտումները տևական ժամանակ է, ինչ չեն դադարում ընդհուպ ՀՀ-ի սահմաններին, իսկ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սերտորեն գործակցում է Թուրքիայի հետ: Առավել խորացնելով դաշնակցին ոչ հարիր գործելաոճը՝ ՌԴ-ն իր հակառակորդներին տալիս է նորանոր առիթներ՝ Արցախում կատարվողը պրոյեկտելու Ղրիմի, Դոնբասի դեմ:
Հավելենք, որ Պուտինն Էրդողանի հետ հանդիպման համար շրջանցել է կարանտինն, ըստ երևույթին առավել կարևորելով նրա հետ անմիջական, գաղտնի հանդիպումը: Հանդիպումից հետո մամլո ասուլիս չի տրվել, սակայն եթե հիմք ընդունենք Պուտինի գնահատականը ռուս-թուրքական կենտրոնի մասով, ակնհայտ է, որ նրանք շոշափել են ոչ թե անձնական, այլ հանրային կարևորության հարցեր, ուստի պարտավոր էին որոշակի փակագծեր բացել: Հանդիպմանը ներկա են գտնվել միայն թարգմանիչները, երկու նախագահները բանակցություններ են վարել, իսկ հետո շարունակել շփումն արդեն աշխատանքային նախաճաշի շուրջ:
<<Գործընթաց>> թերթ