ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 19-22-ն այցելելով ԱՄՆ և նախագահ Բայդենի ընտրությունից հետո առաջին անգամ հանդիպելով նրան՝ չկարողացավ կանխել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայանպաստ օրինագծերի ընդունումը: ԱՄՆ-ից հետո նա ծրագրել էր սեպտեմբերի 29-ին այցելել ՌԴ՝ Սոչի, հանդիպելու Պուտինի հետ և քննարկելու Սիրիայի, տարածաշրջանում 5-6 երկրների ձևաչափով իր առաջարկած համագործակցության հարցեր: Նախքան ՌԴ այցն, Էրդողանը Նյու Յորքում դիմել է ծայրահեղ միջոցի՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ-ին Ղրիմում ՌԴ պետդումայի ընտրության արդյունքը չճանաչելու վերաբերյալ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթով: Սա ևս արդյունք չտվեց և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած հայանպաստ օրինագծերը, որոնք հաջորդիվ կարող են ներկայացվել Սենատ, որն էլ կարող է օրենք ընդունել: Այդ օրինագծերով մասնավորապես՝ կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին: Մեկ այլ օրինագծով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննել ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, դիտարկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ընդլայնումը և թուրքական <<Գորշ գայլեր>> կազմակերպությունը ճանաչել ահաբեկչական: Անշուշտ, խորին երախտիքի են արժանի հայ ժողովրդի միասնական ազգային շահերի կենսակոչմանն ուղղված Հայ Դատի ջանքերը, որոնց աջակից են տասնյակ կոնգրեսականներ:
Իրեն բնորոշ պարզամիտ հնարքներով Էրդողանը փորձեց խայթել ԱՄՆ-ին, բայց վերջերս Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրս գալուն զուգահեռ վերահաստատվեց այն փաստը, որ Էրդողանը վարում է ՆԱՏՕ-յի հռչակած նպատակներին հակառակ՝ միջազգային ահաբեկչության հովանավորման հետևողական սցենար և թալիբների կողմից իշխանության բռնազավթման պայմաններում նրանց, թերևս, ամենավստահելի գործընկերն է: Դժգոհ Բայդենի հետ 1-ին հանդիպումից՝ Էրդողանը վերջում ակնարկել է իր ՆԱՏՕ-ի անդամ լինելը և որ չէր կամենա ԱՄՆ-ի հետ հակառակորդ դառնալ: Իրականում Թուրքիան կատարում է՝ ՆԱՏՕ-ն վարկաբեկող դեստրուկտիվ դեր: 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնում լինելով՝ Էրդողանն ԱՄՆ բոլոր նախորդ նախագահների հետ համեմատ՝ միայն Ժոզեֆ Բայդենին չի հաջողել խաբել:
ՌԴ նախագահի հետ ևս Էրդողանն ազնիվ չէ: Մինչ 2020թ. Արցախյան պատերազմը Թուրքիան գրեթե չէր խոսում Ղրիմի մասին: Պուտինի թույլ տված այն սխալը, որով Արցախը համարել էր Ադրբեջանի մաս, դեստրուկտիվ դեր խաղաց Արցախյան պատերազմում՝ որպես հետևանք նաև վերարթնացնելով Ղրիմի, Դոնբասի և այլ կոնֆլիկտներ՝ ի վնաս ՌԴ-ի:
- Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի սեպտեմբերի 24-ի համարում
- Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան