ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Իրանի դեսպանին տեղեկացրել են շրջանցիկ ճանապարհների կառուցման մասին
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ի թիվս մի շարք հարցերի՝ կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որն ըստ նրա հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և իբր հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ տեղեկացրել է, որ ծրագիրը մրցույթի հայտարարման փուլում է:
Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ փոխադարձ այցերն՝ առկախված ծրագրերի արագ իրագործման ու նոր նախաձեռնություններով հանդես գալու համատեքստում: Դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:
<<Գործընթաց>> թերթ