ՏԻՄ
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ-ում կկայանա նեղ հրավիրյալների կազմով քննարկում՝ առանց տեղական հանրաքվեով կարծիքների հարցման արդյունքների
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել է այսպես կոչված խորհրդարանական լսումներ` բազմիցս քննադատված և հարյուրավոր համայնքների դժգոհության տեղիք տված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի շուրջ:
Ի դեպ, լսումներից առաջ նախապես չի հայտարարվել հրավերք ու ազատ գրանցում շահագրգիռ բոլոր սուբյեկտների: Քննարկմանը հանձնաժողովը հրավիրել է մասնակցելու Աժ պատգամավորների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչների: Նշենք, որ լրատվամիջոցներին հաղորդել են միայն արդեն կայանալիք միջոցառման օրվա, ժամի մասին, իսկ հաղորդագրության մեջ շեշտել են, որ տվյալ նախագիծը բխում է նախորդ իշխանության 2011 թ.-ին ընդունած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգից»: Գիտակցաբար թե դիտավորյալ անտեսելով այն փաստը, որ համայնքների խոշորացումը նախորդ իշխանության այն աղմկահարույց քայլերից էր, որը 2018թ. իշխանափոխության առանցքային դրդապատճառների հիմքերից մեկը եղավ, ներկայիս իշխանությունն՝ ի դեմս Փաշինյանի հադես է գալիս՝ որպես մոլի ջատագով՝ նախորդ իշխանության սխալների: Մինչդեռ նույն ճանապարհը նույն տեղն է տանում:
Հավելենք, որ եթե նախորդները գոնե չէին խորշում իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչել և նշյալ գործընթացը բնորոշում էին՝ որպես համայնքների խոշորացում, ապա Փաշինյանի իշխանությունը նույն գործընթացը բնորոշել է իբրև համայնքների միավորում, որով փաստացի դիմել է պաշտոնեական կեղծիքի, դրա քողի ներքո փորձելով իրականացնել համայնքների խոշորացման 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:
Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթում
Հեղինակ՝ Ի. Դանիելյան