ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Պարտադրված խաղաղությունն՝ առանց արդարության, ցավ ու տառապանք է ծնում. Գարեգին Երկրորդ
09.09.2021 22:11

     ՀՈԳԵՎՈՐ    

Սեպտեմբերի 9-10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով։

Համաժողովին ելույթ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ելույթի ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.

«…Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով…։ Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ։

Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելության հետևանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձան Ցեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իր պատմական հայրենիքից…։  Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատերն, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով…:

Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի…։ Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։

Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական  հանգամանքների բերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրել աշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝ խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելով աշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։ Կրոնի ազատությունն այսօր էլ գերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։ Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։

Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայում ձևավորվում և գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդեն կես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում…>>։