ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԵՂԵԼ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՓՈՓՈԽԱՄԻՏ
03.09.2021 09:53

       ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԱԺ-ՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ԱՐՑԱԽԻ ՏՈՆԻՆ ԷԼ ՀԵՌԱԿԱ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ՝ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ձևավորման 30-ամյակն է 2020թ. կորստաբեր պատերազմից հետո, երբ առանց Արցախի ու ՀՀ ԱԱԽ նիստերի՝ Փաշինյանը հանձնեց Արցախի 75%-ը: Ավելի ուշ պարզվեց, որ ԱԱԽ անդամները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո էին տեղեկացել այդ փաստաթղթի գոյության մասին, ուստի ո՛չ Արցախի, ո՛չ էլ ՀՀ նախագահները, ԱԱԾ ղեկավարները ու մնացյալ պաշտոնյաներն իրավունք չունեն արդարացնել այդ հայտարարությունը, քանզի չի կայացել ԱԱԽ նիստ և ըստ կարգի չի տրվել դրան համաձայնություն, հետին պլանով համաձայնություն տալու կարգ չկա, ավելին՝ բացակայում է հանրաքվեի որևէ արդյունք նախքան նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը:

ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ն. Փաշինյանը հաճախ էր նշում, թե մանդատ ունի այս կամ այն քայլն անելու, մինչդեռ նա 1/ մանդատ չուներ Արցախի ժողովրդի անունից թուղթ ստորագրելու, 2/ եթե ուզում էր իրական քվեարդյունք տեսնել, պետք է վարչապետի հրաժարականով թողներ վարչական լծակներն, ինչը չի արել: Ընտրարդյունքի իրական պատկերը ՍԴ-ում էլ չպարզվեց, ուստի ՔՊ-ն 26% ստացել է ԿԸՀ-ից, թե դրանից քանի՞ տոկոսն է ՀՀ քաղաքացին տվել, անհայտ է:

Կանխատեսելի էր, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը կփորձեր հերթական անգամ այդ խոսափողն օգտագործել <<երկրի հակառակ կողմից>>, թշնամուն աջակցող ելույթի համար: Դիցուք, փորձեց շրջել իրականությունն՝ Արցախի հարցում Հայաստանին ներկայացնելով՝ որպես փոփոխամիտ, իսկ Ադրբեջանին՝ հաստատակամ: Մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքորեն ամրագրված է անկախության հռչակագրում, որն ընդունվել է 1990թ.-ի օգոստոսի 23-ին՝ հիմնվելով 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի <<Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին>> Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ.-ի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Համաձայն Հռչակագրի՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Որպես ՀՀ Երրորդ Հանրապետության հիմնադիր փաստաթուղթ՝ Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման համար: Ահա թե ինչու՞ էր Փաշինյանն այս Հռչակագրի մասին ԱԺ ելույթում ակնարկելիս ջղաձգվում, քանզի փոխել Սահմանադրությունը կարող է, իսկ Հռչակագիրը՝ ոչ:

Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում սկզբունքորեն եղել է կայուն, իսկ պաշտոնական Բաքվինն՝ այնքան փոփոխամիտ, որ մինչ օրս չի կողմնորոշվում իր պահանջներում և պարբերաբար դրանք փոխում է: Փաշինյանն իր ելույթում փորձելով շրջել իրականությունը՝ հակասել է ինքն իրեն. հիշենք, դեռ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ասում էր, թե Ալիևը ժամը մեկ փոխում էր պահանջները և ինքը չկարողացավ հարմարեցնել կես ժամ ԱԱԽ նիստ հրավիրելու կամ լայվ մտնելու, որ տեղեկացնի տարածքից տարհանվելիք ժողովրդին: Հիմա էլ Փաշինյանն ասում է, թե Ալիևը հաստատակամ է, ինչից հարց է ծագում, ուրեմն ինչու՞ Փաշինյանը ժամանակ չգտավ <<հաստատակամ>> Ալիևի պահանջները քննարկելու գոնե ՀՀ ԱԱԽ նիստում: Ստացվում է, որ ոչ թե Հայաստանն է փոփոխամիտ, այլ Փաշինյանն՝ Ալիևի պես: Հավելենք, որ կառավարության առաջիկա տարիների ծրագրից դուրս է թողնվել Արցախի Հանրապետությունը: Դրանից կասկած է հարուցվում իբր ի նպաստ Արցախի իրականացվող սոցծրագրերի հետ կապված, որոնց անվամբ զգալի գումարներ են դուրսգրվում:

Հ.Գ. Թերթում սույն հոդվածի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Սեպտեմբերի 2-ի առթիվ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ընդամենը հեռակա ուղերձ է հղել՝ չմասնակցելով օրվա առթիվ Արցախում կայացած միջոցառմանը:

Հոդվածը հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի թիվ 303 համարում:

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան