ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԻ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԿԱ ,,ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ,, ՏԱՐԱԾՔ...
15.08.2021 23:35

     ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ   

ՄԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿԻ ԼՂ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

Արցախում միջազգային ահաբեկիչ-վարձկանների և այլ ուժերի ներգրավմամբ 2020թ. պատերազմով զավթած, ապա հրադադարի պատրվակով նույն թվի նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի բանաձևերից դուրս Շուշիի ու Հադրութի օկուպացումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը: Ուշագրավ է, որ այս մասին նա հայտարարել է Արցախյան պատերազմում մահացած ադրբեջանցիների ընտանիքների հետ հանդիպմանն, ըստ երևույթին՝ հիմք ընդունելով նրանց բողոքներն ու պահանջը՝ չշարունակել ռազմական գործողությունները, որոնց արդյունքում մեծաքանակ մահեր են ունեցել, բայց դրա թիվը քողարկվել է թե՛ ադրբեջանական հասարակությունից, թե՛ այլ երկրներից: Դրանով հանդերձ, հաղթողի կեղծ քողի ներքո Ալիևը մի հայտարարություն է արել, որը պահանջում է անհապաղ քննությամբ ՄԱԿ-ի բանաձևերի վերանայում՝ շրջանների հանձնման պահանջի մասով: Ալիևն ասել է. <<Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Այս արտահայտությունն այլևս հնարավոր չէ օգտագործել: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ>>, - ասել է նա: 

Սա նշանակում է, որ հակամարտության այն կողմը  /Ադրբեջանը/, որը պահանջում էր Լեռնային Ղարաբաղի շրջանների հանձնում ու դրա համար հասել էր ՄԱԿ-ի որոշ բանաձևերի, փաստացի ստել է՝ իրականում նպատակ ունենալով տարածքային բռնազավթման, այս նպատակով նա կեղծ համաձայնություն է հայտնել ինքնորոշման իրավունքի իրացման նախապայմանով հարցի լուծում ենթադրող ՄԱԿ-ի բանաձևերին՝ հեռահար նպատակ ունենալով բացառապես ստանալ իր ակնկալած տարածքները: Ալիևն ըստ էության առոչինչ է հայտարարել ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գոյությունը, որին հղում անելով ստացել էր թե՛ ՄԱԿ-ի բանաձևերով շրջանների հանձնման բաղձալի պահանջները և թե՛ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հայտարարությունը, որում ևս օգտագործված է <<Լեռնային Ղարաբաղ>> հասկացությունն ու այդ հիմքով են ձևակերպված շրջանների հանձնման պահանջները:

Ալիևի՝ <<Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ>> հայտարարությունը զուգորդվել է ՀՀ մաս կազմող Զանգեզուրի, ապա Հայաստանի այլ տարածքների՝ իբր Ադրբեջանի մաս կազմելու շուրջ հայտարարություններով, բայց ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը շարունակ լռում են: Հայաստանն էլ ի դեմս դավաճանական լռություն պահպանող իշխանության՝ խուսափում է դիմել նրանց՝ պահանջով վերանայել ընդունած փաստաթղթերը և չեղարկել շրջանների հանձնման պահանջներն՝ ի պատասխան դրանց հակասող և տարածաշրջանի խաղաղությունը լայնամասշտաբ պատերազմի փոխակերպող Ալիևի ելույթների:

Ի վերջո, դրանք ոչ թե ոմն հավաքարար կամ բանվոր Իլհամ Ալիևի ելույթներն են, այլ Ադրբեջանի նախագահ Ալիևի, նրա ելույթներին հաջորդում են արյունալի պատերազմներ՝ ի հեճուկս անգամ այն փաստի, որ ադրբեջանական բանակում օրեցօր վարակի էֆեկտով աճում են ինքնասպանությունների դեպքերը, ինչն ի թիվս մի շարք պատճառների, արդյունք է նաև զինղեկավարության կողմից ծառայողներին արհեստական ագրեսիայի ու պատերազմի դրդելու և ներքին խոր հակասությունների:

Հիշեցնենք, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախացել է այդ ժամանակ գործող օրենսդրության ոտնահարումով, մասնավորապես ԽՍՀՄ-ից խորհրդային հանրապետությունների անջատման մասին օրենքի (3 ապրիլի, 1990թ.) 3-րդ հոդվածի խախտումով, որով ինքնավար միավորներին տրվում էր առանձին հանրաքվեով իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք, իսկ Լեռնային Ղարաբաղն այդ նույն հիմքով ինքնորոշվել էր՝ ի հաշիվ հանրաքվեի, որի արդյունքով ԼՂ բնակչության գերակշիռ մաս կազմող տեղաբնիկները՝ հայերը, քվեարկել էին հօգուտ ինքնորոշման և անկախացման: Այս ընթացքում Բաքուն շարժվել է բռնապետությունը խորացնելու, իսկ կազմավորված ԼՂ հանրապետությունը՝ ժողովրդավարության ճանապարհով:

  • Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 302 համարում
  • Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան